Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/11

Այս էջը հաստատված է

հետո վեր է կենում, սենյակի գորգապատ հատակի վրա քայլում և մի քիչ խորհում։ Հենց այդ րոպեին ներս է մտնում Անդրեաս Բալիքյանի կինը, և Մարչը նկատում է, թե ինչպես գորգավաճառ բարերարի թավ հոնքերը կախվում են։ Մի պահ լռություն է տիրում, և կինը ստիպված է լինում հեռանալ, որից հետո Անդրեաս Բալիքյանը նորից է պառկում և հրահանգներ տալիս Հովնաթան Մարչին, թե ինչպե′ս պիտի մեկնել, ո՛ւմ պիտի տեսնել այնտեղ, ինչպիսի՛ վայր պիտի ընտրել։

— Տեղը հովոտ չպիտի ըլլա... Խոտը շատ ըլլալու է, որ հայրենակիցները կրնան մաքիներ ալ պահել։ Կը կարծեմ, թե աղվոր գորգեր կը գործվի հոն, եթե բուրդը աղեկ ըլլա․․.

Բավական երկար ժամանակ զրուցելուց հետո Հովնաթան Մարչը սեղմում է նրա ձեռքը և սենյակից դուրս թռչում, վազում իր բնակարանը, ուր սպասում էին Մարինե Քրաջյանը, Բարունակ Ճիթեչյանը և մյուսները։ Եվ այդ նույն գիշեր, ընկերական փառավոր հավաքույթին, Հովնաթան Մարչը դառնում է հերոս...

Ահա′, ընթերցող, Անդրեաս Բալիքյանի այդ համաձայնությունից է սկսվում այն երկար ճանապարհորդությունը, որի վախճանը եղավ հուլիսյան մի շոգ օր։

Երբ նույն օրը Հովնաթան Մարչը պառկել էր բաղնիսի քարին, և քիսաչի Հովակի բոբիկ ոտքերը սահում էին նրա մեջքի վրայով, քիսաչու գլխում խորհրդածություններ էին ծնում այն մասին, թե ի՜նչ լավ պահած մարմին ունի մուշտարին,— Հովնաթան Մարչը քթի տակ մռմռում էր հայրենաբաղձ երգերից և գլխին բամբակի քուլաների պես թափվող սապոնի պղպջակների միջից նայում Հովակին, նրա շիլ աչքին, կախ ընկած, բարակ պոչով բեխերին։

— Փղշտացի՞ է, — մտածում էր Մարչը նրա մասին։ Ինչքա՜ն կուրախանա, եթե հենց այդտեղ, հայտնի իր միտքը, Հովակին տեղավորել կառուցվելիք Նոր Եթովպիայում։

— Ուսկի՞ց ես, բարեկամ,— հարցրեց Մարչը, երբ Հովակը նրա մազերի մեջն էր խրել իր մատները և լվանում էր փղշտական գլուխը։

— Հող ունի՞ս, տուն-տեղ...

— Հողն ի՞նչ պիտի անեմ... էսպես յոլա ենք գնում։ Ունեմ,