Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/122

Այս էջը հաստատված է

քանդել և ցորենի ամբարում միջնորմ էր շինել։ Նրա տեղը դրված էր երկաթե մահճակալը, վրան՝ բարձերի կույտը։ Անկյունում կողք կողքի շարված էին բոլորովին նոր աթոռներ։ Սեղանի վրա փողը կապույտ ներկած գրամաֆոնն էր, կողքին գիպսե մի հորթ։ Խանութից տուն դառնալուց, երբ հարկավոր էր լինում արխալուղը փոխելու, Մկրտումը քրքրում էր գրպանները և կեղտի մեջ մոռացված մի քանի պղնձադրամ հանում, գիպսե հորթի մեջ գցում։

Սենյակի պատերը զարդարված էին խալիներով ու կապերտներով։ 10 Հատակին, պատերի տակ փռված էին բարակ ներքնակներ, ծածկված նեղ ու երկար գորգերով։ Թեկուզ մահճակալը, սենյակի մնացած կահկարասիքն առել էին քաղաքի մեծ մագազիններից, իսկ գրամաֆոնը Եփրեմն էր Բաքվից բերել, բայց և այնպես սենյակն անճաշակ էր կահավորված։ Գրամաֆոնի և աթոռների վրա մի մատ փոշի կար: Ոչ նվագել էին և ոչ էլ նստել աթոռների վրա։ Մկրտումը և նրա մոտ եկողները գերադասում էին ծալապատիկ նստոտել փափուկ գորգերի վրա, թիկնել պատին։ Միայն Եփրեմն էր աշխատում «աբրազոննի և քաղաքավարի» լինելու, ինչպես ինքն 20 էր ասում։

Առաստաղից կախած ճրագն առատ լույս էր տալիս։ Ու թեկուզ գարնանամուտ էր, բայց և այնպես բուխարիկում վառվում էին կաղնու չոր փայտերը և տաքացնում տունը։ Բուխարիկի մոտ, մութաքային թիկն էր տվել Մկրտումը, կողքին համրիչը։ Նա լուռ նայում էր երկար ու նեղլիկ մատյանին, շրթունքները շարժում և ապա թերթը շրջելուց առաջ համրիչի հատիկները հետ ու առաջ տանում, հաշվում։

Լռությունը խանգարվում էր համրիչի չրխկոցից և այն ձայներից, որ լսվում էին ներքի տնից։ Այստեղ էր ապրում 30 Եփրեմի ընտանիքը, օրվա մեծ մասն այնտեղ էր անցկացնում և Մկրտումի կինը՝ Շողերը։ Սանամ հորքուրն էլ, եթե ցուպին հենվելով շաբաթը մի անգամ գալիս էր հորանց տունը, ներքի տունն էր գնում։ Նա գանգատվում էր, որ մահը մոռացել է իրեն, ոտքերում այնքան ուժ չկա, որ քարե սանդուղքը բարձրանա և մի անգամ էլ տեսնի այն սենյակը, ուր մահացավ իր եղբայրը։