Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/133

Այս էջը հաստատված է

- Պրծա՜ր... Դե հիմա իմը լսի: էգուց ծեգը ծեգին, եկած ճանապարհով ետ կդառնաս, մի տրետը կտաս, պայմանը կկապես, և էն սհաթին էլ ետ կդառնաս... Իմացա՞ր:

- Որ էգուց չլինի, երկու օր հետո լինի, չի լինի՞... Լավ մտածի, արի՛ ձեռք քաշի էդ բոլորից... Քաղաքում տարա՜ն կերան, ով աչքը բաց է անում, վազում է մարդի շարք ընկնում... Մեզ կարողություն է պակաս... էգուց երեխաներին ուսում տալ կա՜, կյանք ու աշխարհ տեսնել կա։

- Կարմրաքարից լավ տեղ աշխարհումս ինձ համար չկա, թող ում գլուխը ցավում է, գնա քաղաքում դուքան դնի... 10 Քաղա՜ք... Մի հարցնող լինի, թե ինչ կա էդ պրիշակում... էնքան բան կա՜ էս ձորերում, իմ պիլնին խոդ քցեմ, երկու տարուց հետո էնպես զավոդ բաց անեմ, որ թամաշա... Քառասնաջուրը թող իմը լինի, Մանթաշովի բուրողներին էլ թամահ չեմ անի... Սա երկիր չէ, ոսկի է տեղովը մին. ասենք անհասկացողը մենք ենք։

- Ոսկի է, հավաքի,- հեգնեց Եփրեմը:

- Կհավաքեմ, սպասի՜,- այնպես վճռական հայտարարեց Մկրտումը, որ եղբայրը մի պահ տատանվեց, ու սկսեց կասկածել, թե միգուցե Քառասնաջուրը իրոք ոսկեհանք ունի 20 և ինքը տեղյակ չէ: Նա ձեռքը տարավ ծոցին, շոշափեց նոտարի կողմից հաստատած այն թուղթը, ըստ որի Քառասնաջրի երկու ափին ընկած մոտ 60 դեսյատին պետական անտառը պատկանում է նրանց։

- Դու ողջություն ասա... Աշխատող մարդը քարից էլ նավթ կհանի։ Կարմրաքարի ի՞նչն է պակաս... Ո՞վ ունես քո դիմաց... Չէ՛, գնամ քաղաք հազար լոթու ընկեր դառնամ... Ապերը լավ էր ասում, թե նրանք մեզանով են ապրում։ Մանթաշովը մի ջուխտ տրեխ էլ չուներ, որ գնաց Բաքու... Հրես ոսկին դռանդ թափած, սարքի, ստեղծի, թող քո անունն էլ 30 բարձրանա, մի քսան-երեսուն աղքատներ էլ էն փշրանքովդ ապրեն, հորդ ողորմի տան...

- Է՜հ, չեմ իմանում,- ասաց Եփրեմը.- նա արդեն տատանվում էր և զգում, որ եղբոր ձեռքից չի ազատվելու մինչև թղթերը չտա ու տարած փողի հաշիվը չներկայացնի:

- Չես իմանում, իմացի՛ր... էս ու՞մ համար ենք աշխատում: