Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/136

Այս էջը հաստատված է

միայն անհրաժեշտ ստանոկն ու երկաթե մասերը, այլև այն անտառամասը, որ ընկնում էր Քառասնաջրի մոտ, և որտեղ մտադիր էր կառուցելու սղոցարանը։

Եփրեմի բերած թուղթը իր ծրագրի մի մասն էր։ Ստանոկը դեռ չկար, սղոցարանի տեղը դեռ կանաչ էր, ձորակում, դեղնած տերևների տակ՝ գորշ սառույց։ Շուտով կզրնգան սղոցները, անիվը կդառնա, փոկերն ետ ու առաջ կվազեն և հաստաբուն կաղնիները կսղոցվեն, կդառնան բարակ ու լայն տախտակներ... Բազմաթիվ սայլեր կճռռան, կտեղափոխեն 10 տախտակները, գոմեշները քարշ կտան ծանր գերանները, և ամեն տեղ կտանեն նրա ապրանքը։

Մկրտումը կանգնել էր սանդուղքի գլխին ու նայում էր գյուղին։ Գիշերվա սառը քամին ծեծում էր նրա կուրծքն ու դեմքը։ Նա ագահ շնչում էր անտառից եկող թարմությունը։ Լուռ էր գյուղը․ ոչ մի ճրագ չկար և ոչ մի ձայն։ Թույլ կաղկանձոց էր գալիս ներքևի թաղից, կարծես մրսում էր մի շուն։ Մոտակա խրճիթից լսվում էր մանկան ճիչ։ Ջաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս։

- Երանի նրան,- մտածեց Մկրտումը,- մինչի՜ լուս էլ 20 մասլահաթ կանի...

Դիմացի սարի ետևից լուսինը պռունկը հանել էր։ Սարից խավարը կախվել էր, ծածկել ձորը, ջաղացը, գյուղի մեծ մասը։ Եվ ինչքան բարձրանում էր լուսինը հորիզոնի վրա, այնքան խավարը հետ էր քաշվում։ Հեռվից խուլ վշշոց էր գալիս. քամին անտառում ծառերի դեռ լերկ ճյուղերը իրար էր տալիս և բացվող բողբոջների բույրը թևերին առած տանում հեռուները։

Մկրտումն իջավ սանդուղքով։ Չամբարը շղթան երկաթե լարին քսելով մոտեցավ նրան, ոտներին փաթաթվեց։

- Չամբա՛ր, Չամբա՛ր... Անիրա՛վ,- փաղաքշական ձայնով ասաց նա։ Շունը հասկացավ նրա փաղաքշանքը, ավելի արագ սկսեց հոտոտել ու իր հավատարմությունը ցույց տալու համար վազեց դարպասի կողմը, մի քանի անգամ հաչեց, էլի հետ վազեց։

Վերևից Շողերը կանչեց․

- Գլխաբաց ե՜ս, Քամի է․․․