Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/14

Այս էջը հաստատված է


Այդ գիշեր մի սոսկալի արշավանք սկսվեց Հովնաթան Մարչի դեմ։ Ճամփից հոգնել էր, քիսաչի Հովակի բոբիկ ոտքերն էլ մաժել էին նրա երակները։ Եվ քունը չուշացավ ոչ միայն նրա կոպերն իջեցնելու, այլև մարմնի մասերը այս ու այն կողմ ազատ ու հանգիստ փռելու։

Հուլիսյան այդ կեսգիշերին, երբ թվում էր, թե բացել են անթիվ անհամար կրի և գաջի գործարանների դռներ ու թեժ վառարաններից տաք օդ են մղում քաղաքի փողոցները, երբ միլիցիոները մինչև ծնկները վեր քաշած ոտներն առվի ջրի մեջ 10 էր կոխել և ննջում էր, հրացանի կոթից բռնած, երբ շոգից անքուն, ինչ-որ մարդիկ լուսնոտների պես թափառում էին փողոցներում և մի զով տեղ փնտրում նստելու և նստած ննջելու, երբ բաց պատուհանի առաջ քնած ամուսնական զույգը թարմ օդ շնչելու համար գլուխն էր կախել մայթի վրա, խռռացնում էր և շնչում,- տոթ այդ գիշերին Հովնաթան Մարչը կոշիկի երկաթ կրունկով, հին հայրենիքում, հյուրանոցի պաստառների վրա ջարդում էր մլակներին, որոնց անթիվ շարքերը, քաղցած ոհմակի պես, մութից օգտվելով գրոհ էին տվել մահճակալի վրա մուշ-մուշ քնած մաքուր մարմնի բարակ մաշկը ծակելու և 20 ծծելու Հովնաթան Մարչի փղշտական արյունը։

Ամեն անգամ, երբ երկաթ կրունկի տակ ճլփոցով դիտապաստ էր լինում մլակը, գարշահոտ տարածում, Հովնաթան Մարչը ժպտում էր, բարիք կատարող մարդու պես։

- Ահա, կերար,— ու մի հարված էլ։

- Այսպես էլ հոթե՜լ:- Ու մի զարկ էլ, և գարշահոտ, արյունոտ պաստառ։

Մերթընդմերթ ոտքերն էր բարձրացնում, ձեռքով խփում մարմնի զանազան մասերին, որովհետև այն ժամանակ, երբ Մարչն աչքերը ման էր ածում պաստառի վրա կամ վերմակն էր աջ ու ձախ 30 դարձնում և հարվածում, մի ուրիշը ոտքն ի վեր բարձրանում էր և ուզած տեղը ծակում, ծծում, մինչև նրա ձեռքը հասներ։

Այդ աշխատանքը սկզբում դուրեկան թվաց։ Ահա որսորդը, որ եղեգնուտում կրակում է անընդհատ, և ամեն մի կրակոցից վայրի մի խոզ թավալգլոր է լինում։ Հետո քունը հաղթեց, գլուխը ծանրացավ․․․ Իսկ մլակները հա գալիս էին։