Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/15

Այս էջը հաստատված է


Եվ այդ պահին նրա բեզարած գլխում ծնվեցին մտքեր, որ դառնահամ էին, մասամբ հուսահատ, մասամբ զղջումի շեշտով։

- Ինչո՞ւ եկար այս երկիրը... Կար փափուկ անկողին, մաքուր սենյակ և ուրիշ պարագաներ։ Կար և գլխի մեջ մի կակուղ զանգված, սրտի մեջ կարոտ դեպի հեռու երկիրը։ Եվ այդ ամենը որպես կապույտ մշուշ, անհաս, ինչպես ամպն Արարատի գլխին, որպես առասպել, Նոյյան տապանի պատմություն։ Իսկ այժմ... Կեղտոտ պաստառներ, մլակներ, տոթ, անքուն գիշեր...

Հովնաթան Մարչի աչքն ընկավ պատից կախած հյուրանոցի կանոններին: Մայրենի լեզվով էր գրած, Մեսրոպ Մաշտոցի հնարած տառերով։ Այդ կանոններին ի տես նրա սիրտը թունդ առավ, և երբ ձեռքը մոտեցրեց, տախտակը բարձրացրեց, մլակների մի հոծ բազմություն, խրտնած ոչխարի հոտի պես, շաղ եկավ։

Ինչո՞ւ եկար այս երկիրը․․.

Նրա սրտին հովություն չտվավ և գրաֆինի պաղ ջուրը, հայրենիքի ջուրը, որի մասին հավաքույթի այն գիշերը ոսկեգույն խոպոպներով տիկինը այնքան չքնաղ ժպիտով, բարակ շրթունքներն իրարից բաժանելով, ասել էր․

- Պարո՛ն Մարչ, ինծի կը հիշեք, երբ առաջին անգամ հայրենիքի ջուրը խմեք․․․

Եթե մինչև արևի բարձրանալը լուսաբացի զովությունը չլիներ, Հովնաթան Մարչի դեմքին մյուս օրը նայողը պիտի կարծեր, թե նա ուրիշ ծանր հոգսերի հետ ունի և ստամոքսի խանգարում, կերածը չի մարսում։

2

Տղա՛, ինչո՞ւ կարգապահ եղար և Հովնաթան Մարչին իսկույն ներս չթողիր, երբ նա դանդաղ քայլերով և ամենայն վեհությամբ մոտեցավ այն դռան, որի վրա գրված էր Պետի առանձնասենյակ, և որի կողքին կանգնել էիր, ձեռքդ դռան պղնձե կոթից բռնած։ Եվ թութակի նման կրկնեցիր․

- Առանց զեկուցման չի կարելի, ընկե՛ր։