Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/159

Այս էջը հաստատված է

ծռելու հեղեղի հոսանքը բլուրի փեշերով դեպի գերեզմանատան ձորն, ուր Այրումի առուն տրաքված գնում էր, ձորը բերնեբերան լցրած պղտոր ջրով։ Հեղեղը վիշապի նման կլանում էր ճումերի այն բարակ պատերը, որ առաջին եկողները փորձում էին դարսել։

Տեսարանը վիթխարի էր։ Վերի առուն փլվել էր, հունը խորացրել և դարձել մի հեղեղ, որի ակունքները շատ բարձրերում էին, այնտեղ, ուր ձյունի շերտերը աղի պես հալվում էին վարար անձրևի տարափից։ Պղտոր ջուրը հանկարծ էր դուրս գալիս անտառից և բերանն առած չոր տերև, կոճղ ու ճյուղ, 10 սրընթաց արշավում գյուղի վրա։ Հին ամբարտակը դիմացել էր մի պահ, ապա դեմ առած կոճղերը հրել էին հողաբլուրը, ճեղքել և ջուրը մանր առվակներով թափել գյուղի վրա։

- Ծառը կտրե′ք,- բղավեց ջաղացպանը, երբ աչքով չափեց ամբարտակի ճեղքը։ Ամբոխից տասը հոգի վազեցին դեպի անտառի եզրը։ ճարպիկ շարժումով Արզումանը, որի սապոգները լցվել էին ջրով ու տիղմով, պարանը նետեց ցցաչոր կաղնու բնին ու ձգեց։ Պարանին մոտեցան և մյուսները, հետ ու հետ քաշվեցին, և երբ Արզումանը «նո՜ւ» արեց, տասնյակ բազուկներ ձգեցին, ծառը ճաքեց և շառաչով վայր ընկավ։ 20 Ջաղացպանի խորհուրդն օգնեց, մի քանի ծառեր էլ կտրեցին։ Մոտիկ տներից բերին և խոտի խուրձեր, խուրձերի մեջ քարեր դրին և գցեցին ջրի մեջ: Հեղեղը վիշապի նման մռլտաց, գլուխը աջ ու ձախ դարձրեց, փորձեց ճակատով հրել բարձր ամբարտակը, ուժը չհաղթեց և դժգոհությամբ գլուխը թեքեց գերեզմանատան ձորը, վայր հոսեց իր հին ճանապարհով։

Այնինչ գյուղից դեռ գալիս էին։ Վերջին եկողներից մեկը պատմեց, որ Քառասնաջրից եկող առուն բոստաններին շատ է վնասել... Լսվեց կանացի բարձր «վայ»։

30 - Հը՞... ի՞նչ էր...

- Տեսնես որ լաչառն էր..․


- Փորձանք պատահած չլինի՞...


Տեր Նորընծան նկատեց, որ արագ քայլերով մեկը անցավ իրենց փողոցով, լույսի տակ երևաց վազող ստվերը, և մինչև ինքը կվերկենար ու ձայն կտար, ստվերը կորավ մութի մեջ. լսվում էր միայն ոտքի ուժեղ դոփյունը։