Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/16

Այս էջը հաստատված է


Հովնաթան Մարչը ցնցվեց, մի քիչ հետ քաշվեց և երբ այցետոմսը մեկնեց, դու գիրկապ անելով կարդացիր.

- Փղշտացոց Բարեսիրաց Մարմնի լիազոր,- նորից ուսերդ թոթվեցիր, կրկնելով նույն անիմաստ բառերը հերթի մասին։

Նախասենյակում խռնվել էին գյուղացիք։ Ոմանք չոքել էին գետնին, զրուցում էին իրար հետ, ոմանք էլ մուտքից քիչ հեռու կանգնած հերթի էին սպասում։ Հայ, թուրք, եզդի ու բոլոր բարբառները, բոլոր գավառների բույրը, տեսակ֊տեսակ 10 շորեր և շորերից տարբեր հոտ՝ գոմի, հողի, աղբի, քրտինքի։ Հարկավո՞ր էր, որ Հովնաթան Մարչը նախասենյակում շնչի այդ ծանր հոտը և հաճախ մետաքսե թաշկինակով սրբի ճակատի քրտինքը, որի ամեն մի կաթիլը գլորվում էր փղշտական մի քաղաք հիմնելու ցամաք ու աղքատ Արմենիայում։

Երբ Հովնաթան Մարչը պատուհանի առաջ կանգնած փողոցի անցուդարձին էր նայում և պատին սեղմվում, հենց որ նախասենյակում սպասողներից մեկնումեկը անցնում էր կողքով ու քիչ էր մնում ոտքը կոխեր,- նրա դեմքին երևում էր այնպիսի մի արտահայտություն, որի մասին դեռ դարեր առաջ 20 այսպես է գրված Հովհաննու ավետարանում․

— Յուրսն եկն և յուրքն գնա ոչ ընկալան...

— Խնդրե′մ, ընկեր,— ասաց տղան և դուռը լայն բաց արեց։

Հովնաթան Մարչը կայծակի արագությամբ մտքերը ժողովեց, դասավորեց որպես խաղաթուղթ և դռնից ներս մտնելիս պատրաստվեց կրկնելու այն, ինչ եղավ Անդրեաս Բալիքյանի սենյակում, երբ պետը հեռախոսի խողովակն ականջին մոտեցնելով, աջ ձեռքով Հովնաթան Մարչին առաջարկեց նըստել ազատ աթոռին։

80 Մոտ հինգ րոպե, մի ուրիշը, որ չէր սպասել նախասենյակում, հեռախոսով այնպիսի մի նյութի մասին խոսեց, որ պետական խոշոր գաղտնիք թվաց Հովնաթան Մարչին։ Որովհետև երեխան էլ կհասկանա, թե ի′նչ է նշանակում.

— Ասում ես սահմանի մո՞տ են...

— Այո′, միջոցներ ունենք։ Կարող ենք մի խումբ ուղարկել...