Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/17

Այս էջը հաստատված է

- Եղեգնուտները կխանգարեն։ Թող վառեն։ Բոլոր միջոցները կտանք։

- Այո՛, այո՛։

- Ութ հազարի չափ։ Իհարկե, վտանգը մեծ է։ Գյուղերից սայլեր կհավաքենք։ Եթե կարիք լինի, կարող ենք բնակիչներին դուրս հանել․․․

- Լա՛վ, լավ։ Հենց այս գիշեր մերոնք դուրս կգան...

Դուք կարծում եք, թե այս ամբողջ խոսակցության ժամանակ Հովնաթան Մարչը եգիպտական մումիայի քարացած դե՞մք ուներ և չէ՞ր հուզվում, աթոռի վրա տեղը չէ՞ր շտկում, թուքը սովորականի պե՞ս էր կուլ տալիս։

Քա՛վ և մի՛ լիցի։ Այն ժամանակ, երբ հեռախոսի խողովակը լսեց սահմանի մոտ են բառերը, Հովնաթան Մարչը մեջքը ձգեց ճիշտ այնպես, ինչպես զինվորներն են անում, երբ զենք ու զրահի մեջ կորած, մարզադաշտում անցնում են հրամանատարի կողքով։ Ինչպես ասում են, Հովնաթան Մարչի լեղին ճաքեց, երբ ամենայն անտարբերությամբ պետը մի ուրիշ աներևույթ մարդու հայտարարեց, որ մերոնք գիշերս դուրս կգան․․․

Զորաժողո՞վ, սայլերի բռնագրավո՞ւմ, ի զե՛ն, ի սո′ւր, հայրենիքը վտանգվա՞ծ է․․․ Եվ այդ հուլիսյան շոգ օրին, երբ օդում ամեն ինչի հոտ կար, բացի վառոդի։ Այո՛, այո՛, անպարտելի են Արմենիո տերերը, եթե նրանք պատերազմի հրամանն արձակում են այդքան անտարբեր, նույնիսկ քնատ աչքերով։

Այս ամենը կատարվեց հինգ րոպեում։ Վեցերորդ րոպեին պետը աչքերը դարձրեց Հովնաթան Մարչի հարթուկած զգեստին, մաքուր ածիլած երեսին և այգ երեսի քնքուշ, բարակ մորթուն։

- Ինչո՞ւմն է բանը,- հարցրեց նա, և երբ պետը աչքերն էր տրորում, Հովնաթան Մարչը մի քիչ մոտեցավ նրա սեղանին ու շարեց բավական սահուն մտքեր։

— Հեռուներեն եկած եմ։ Կփափագիմ քաղաք մը հիմնել, աշխարհիս մեջ ցանուցիր եղած փղշտացիներով բնակեցնելու։ Հոս տեղ ալ կը փնտրեմ փղշտացիներ, եթովպացիներ։ Անոնք հայրենակիցներ են...