Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/170

Այս էջը հաստատված է

Թեկուզ հեղեղը վնասել էր գյուղին, և մարդիկ դառնացած էին այդ առավոտ,- բայց և այնպես արևի ելքը, նրա առատ ջերմությունն ու փայլը մոռացնել տվավ գիշերվա սարսափը: Փայլում էր ամեն ինչ. եկեղեցու պղնձյա խաչին նայել չէր լինում, և երբ սարյակները թռչում էին, որ նստեն նրա թևերին, թվում էր, թե ընկնում էին կրակի մեջ։

Տեր նորընծան սովորականից կանուխ էր զարթնել։ Բաց արել երազահանը և կարդացել․ «Երազն չար է և օր կատարին».․․Դողացող ձեռներով շալն ուսն էր գցել և Նռանձորի 10 ճանապարհը բռնել։ Վա՜տ, շատ վատ երազ էր տեսել... Իբր թե պատարագի ծանր ժամին, սկիհը ձեռին, շրջվում է, որ խաչակնքի բազմությանը, տեսնում է, որ բազմություն չկա, մարդ չկա եկեղեցում ու միայն իր աղջիկը՝ Հեղնարը, փայտին հենած, ոտները քարշ տալով մոտենում է հաղորդություն առնելու... Եվ իբրև թե դրսում աղմուկ է, ներս են վազում մարդիկ: Խոջա Հիբանի տղան պար է գալիս ու կանչում՝ որ կայծակը վառել է նրա խնձորենին, նռանձորի արքայական խնձորենին: Մինչև այստեղ սրտի դողով կարողանում էր հիշել Տեր նորընծան։ Բայց շարունակությունը մտաբերելիս քիչ է մնում դատողությունը 20 խանգարվի․․․ Իբրև թե սկիհից կաթ-կաթ արյուն էր թափվում ոսկենկար և ասեղնագործ շուրջառի փեշերին։

Այգիների ճանապարհով անցնելիս նա տեսավ ջաղացպանին... Ուստա Նազարն էր, կանայք, որոնք նրան տեսնելուց գլխաշորով երեսի մի մասը ծածկեցին․ ջաղացպանը տեղից վեր կացավ, «օրհնյա ի տեր» ասաց, բայց Տեր նորընծան չլսեց։

- Տեր հայրը հիվանդի պես էր,- ասաց ուստա Նազարը ջաղացպանին։ Նա չլսեց։ Արզումանը պատասխանեց.

- Բաղի դարդն ընկել է ջանը, ուստա․․. Դու մեր դարդը 20 քաշի...

Եվ մոտեցավ քարերին։ Ուստան գոգնոցը կապեց, մալան առավ։

- Ուստա, մի պատ կշարես, որ Պորտ-Արտուրի կրեպոստիցն էլ պինդ լինի.․. Դե երգդ ասի...

Տան առաջ Սիմոնի կինը և Սալբին արևի տակ փռում էին թաց ձավարը, չորաթանը և բարակ միթելները։