Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/186

Այս էջը հաստատված է

լինելուցն» էր, ջուրը «Հարաքաթ» չուներ, որովհետև ամբողջ ուժն անիվի վրան էր թափում։

Ավան ամին, երբ լսում էր կտրած ծառերի մասին, չէր կարողանում զայրույթը զսպել։ Ավելի հաճախ նա Քառասնաջրի անտառի մասին էր խոսում և կարծիք հայտնում, որ սղոցարանի պատճառով մոտակա անտառը պիտի ոչնչանա, հողերը պիտի ընկնեն Հիբանի տղաների ձեռքը։

- Է՜հ, Ավան ամի, դու էլ դաղած կաշի ունես նրանք հետ, հա՜ բշտում ես,- ասում էր մեկը։

10 - Չես թողալու քյասիբը հաց ուտի... Զավոդը չբաներ, Շալուն Սիմոնը Կաղնուտի ձորը կգնա՞ր,- վրա էր բերում մյուսը։

- Թե Քառասնաջուրն իրենցն է, գերանն ինչի՞ են Կաղնուտից բերում։

- Էն եղոտ պատառ է, որ կերան, հետո էլ Քառասնաջրի ջանին են ընկնելու,- պատասխանում էր մեկը, որի սրտում Ավան ամու ասածը կասկած էր հարուցում։

- Չորս օր է բոստանս ջրի համար բառաչում է։ Որ մթնում է, ջուրն էլ ցամաքում է։

20 - Այ քո բոստանը... Կատուն միջին թավալ չի տա։

- Նրանց ինչ կա՜... Օրենքից են վախենո՞ւմ, թե Կարմրաքարի տկլորներից։ Միտդ չի՞ Եփրեմը Բեկտաբեգովի հետ, Հիբանի մեծ արտի տակին, ոնց էին խտիտ-խտիտ արջապար տալի՜...

Խոսքը անցյալ տարվա կերուխումի մասին էր, որ սարքել էին Հիբանի որդիները պրիստավ Բեկտաբեգովի Կարմրաքար գալու առթիվ։ Արտի ծայրին մնում էր այն կաղնին, որին հարբաց պրիստավը թրով զարկել էր։ Հաստ շրթունքի նման հարվածի տեղում կեղևը սպի էր կապել։

30 Տարօրինակ էր ջաղացպանի վերաբերմունքը։ Ով էլ ջաղաց գար, նա հարցնում էր.

- Հիբանի փաբրիկը ծուխ չունի, հը՞, այ կարմրաքարցի։ Ձեր գյուղումն էլ ինչ մասխարություն կա...- հարցնում էր և ծիծաղում՝ սուր, սարկաստիկ ծիծաղով, կարծես ներսում մաղձը կաթ-կաթ թափվում էր, ինչպես դառը դեղ։ Նրա վերաբերմունքի մեջ տարօրինակն այն էր, որ նա սղոցարանը