Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/22

Այս էջը հաստատված է

պռոշները միայն ջուր էին ուզում, խոստանալով այդ դեպքում միայն երևան հանել իր խորքում թաղված ուժը։

Հովնաթան Մարչը ուշք չէր դարձնում մեքենայի ցնցումներին։ Նա չէր ջոկում բամբակի դաշտերը ցորենի դեղնած արտերից, մեքենան գյուղերի միջով սլանալիս՝ նրան այնպես էր թվում, թե հասարակ հողաբլուրներ են և ոչ բնակավայր, հնուց մնացած թմբեր, որոնց տակ, հասկանու՞մ եք, թաղված է այս երկրի արքայական անցյալը, երբ իշխանները Արարատյան շամբուտներում որսի էին դուրս գալիս, վարազներին նիզակահար 10 անում և Արաքսի կղզիների վրա սարքում խրախճանք։

Քշի՛ր, շոֆեր, քշի՛ր... Ինչքան էլ արագ սլանաս, պասաԺիրիդ մտքի թափին չպիտի հասնես, թեկուզ գյուղերն էլ տրորես անիվների տակ։ Քշի՛ր, և թող իրականը Հովնաթան Մարչի աչքին մի պահ չերևա, թող Արմենիան դառնա ամպերից կախ ընկած դրախտ, որի բնիկները զտարյուն են, Թորգոմյան ցեղի անաղարտ հոգով, կատարյալ և իսկատիպ փղշտացի, եթովպացի և ոչ մոլլա-բայազետցի միջակ կամ աղքատ:

Հեղափոխությո՞ւն, սոցիալի՞զմ... Քշի՛ր, շոֆեր։ Հովնաթան Մարչը այդ համարում է անցողիկ երևույթ, նու՛, որպես20

պատմության մի գրիպ, մարմնի ժամանակավոր խանգարում, որից հետո մոխիրների տակից պիտի հարություն առնեն բոլոր մեռած քաղաքները, քանի երկրագնդի անկյուններում Հովնաթան Մարչի պես մարդիկ Արմենիա ասելիս աչքերից արցունքներ են գլորում և գրկում այդ գաղափարը, որպես թունդ հարբեցողը վերջին շիշ օղին։

Մեքենան կանգնեց։ Շոֆերը քրտինքը սրբելով հետ նայեց ու պահ մի զարմացավ։ Հովնաթան Մարչը քնել էր փափուկ բարձերի վրա և բնազդաբար շարունակում էր օրորալ, որպես օվկիանոսի շոգենավի մարմանդ կոհակների վրա։ 30 Միայն մարմինը չէր օրորվում, մտքերը ճոճանակի պես տարուբեր էին լինում, թեկուզ միտքն էլ աշխատում էր, որպես խանգարված ժամացույց։

Շչակը ոռնաց։ Հովնաթան Մարչը ցնցվեց, աչքերը տրորեց։ Ա՛խ, եթե շամբուտներ լինեին, և իշխանական վարազը մռնչար շչակի պես։ Շուրջն ամայի տափարակ էր, տեղ-տեղ քարակույտեր։