Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/223

Այս էջը հաստատված է

երևալը։ Նրանք էլ էին շտապում դեպի Զեյթա, դեպի թալան։

Առաջին մտնողները սկսեցին բաց անել տների փակ դռները... Մի տեղ օջախը դեռ տաք էր ու մխում էր վերջին աթարը։ Օջախի մոտ ընկած էր մեծ կաթսան, որ չէին կարողացել տանել։ Ինչքա՜ն խոսք ու զրույց էր եղել այդ կաթսայի շուրջը։ Ով գիտի, տան պառավ «կաճեն» ի՜նչ արտասուքով է բաժանվել սևացած պղնձից:

Մի ուրիշ տան դուռը պատել էին քարով։ Նոր ծեփը մատնում էր գիշերվա աշխատանքը։ Մեկի մարագը կրնկահան 10 բաց էր կարծես տերը դիտմամբ էր բաց թողել, որ թալանողը միջի հարդն ու խոտը տանի և նրա աչքը չտեսնի ընկուզե փայտից քանդակած դուռը, որի նախշերը հին էին, շա՜տ հին։

Կար մի գոմ, որ մաքուր ավլած էր, ճրագն իր տեղը, ցախավելն ու թիակը կողք-կողքի. նույնիսկ հորթանոցում ամանի մեջ ջուր կար։ Կարծես հիմա հորթերը սարից պիտի գային։ Մի ուրիշ տան ոչինչ չկար, սրբել, տարել էին, բացի երեխայի պատառոտված տրեխները, որ շպրտել էին տան մեջտեղը։

Կես Ժամ չանցած սկսվեց թալանը։ Ինչքան բացվում էր օրը, այնքան Զեյթայի փողոցներում ավելի շատ էին երևում 20 մարդ ու կին, ձի, ձիավոր։ Հարյուրավոր բազմության մեջ, եթե գոնե մի երեխա լիներ, կարելի էր կարծել, որ քոչողը հենց նրանք են, որոնք փողոցում, տան բակերում կիտում էին այն ամենը, ինչ մոռացել էին, կամ շտապելուց թողել տան տերերը՝ պղինձ, կարասի, արոր, ուրագ, մորթի, պանիր, մաշված կարպետ, ալյուր, ցորեն։ Ավարառուները բաժանվել էին փոքրաթիվ խմբերի․ խմբի մի անդամը հսկում էր, մյուսները հավաքում և դարսում էին ինչ ձեռք էր ընկնում։

Արդեն սրբել էին տնամեջը։ Վերջին եկողները վերցնում էին այն, ինչ առաջինները չէին վերցրել անարժեք լինելու 30 պատճառով։ Սկսվել էր գետնի փորփրելը։ Գործի էին լինգերը, շամփուրները, սրածայր փայտերը։ Ծակծկում, խփում էին գետնին, պատերին։ Գետնի դրմբոցից գտնում էին թաքցրած իրերի տեղը, հորի բերանները և ագահությամբ փորում գետինը, ոմանք մատներով, ինչպես մարդագայլը գերեզմանը։