Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/224

Այս էջը հաստատված է

Շրջում էին հորի բերանի քարերը և դուրս հանում փախածների պահուստը։

Երիտասարդ արևը ամպերի հետևից երեսը հանել և կամաց լողում էր սառը ոլորտում։ Նրա շողերը խաղում էին սվինների հետ․ շողշողում էին շամփուրները, պղինձները, սամավարները, սակայն այդ օրը բազմությունից ոչ մեկը գլուխը վեր չհանեց և արևին չնայեց։ Կարծես ամաչում էին և վախենում, որ արևը կծակծկեր նրանց աչքերը և աչքերի ագահությունը։

10 Անցել էին վերջին արարին։ Հանում էին դռները, երկաթե փենջարաները, տան գերաններն ու սյուները։ Փոշի էր բարձրանում փլվող տներից, աղմուկով նստում էին կտուրները, պատերը ճեղք էին տալիս, ինչպես երկրաշարժի ժամանակ։ Ահա մի տեղից պատից քար ընկավ, ջարդեց մեկի գլուխը, որ գարու ծանր պարկը շալակին անցնում էր պատի տակով, հետևից նրա կինը՝ բեռնավորված չուլ, ու փալասով:

Կինը ճչաց, սակայն ոչ ոք չվազեց նրա ճիչին։ Արյունը խառնվեց հողին։ Կինը հետ քաշեց մարդու դիակը, ուղղեց գարու պարկը։ Մի քիշ գարի է թափվել։ Ե′վ լալիս է, սգում մարդու 20 համար, և գարին բռով լցնում պարկը։ Նա մղկտում է աղիողորմ, անիծում իր դառը վիճակը, աղքատությունը, տանը թողած երեխաների անունները մեկ-մեկ հիշում, սակայն աչքը գարու պարկին է, որ ծածկել է փալասներով, որպեսզի ոչ ոք չտեսնի։ Կինը արցունքն աչքերին նայում էր փողոցով արագ անցնող բեռնված ու դատարկ մարդկանց. խնդրում, աղաչում է, բայց մարդիկ զբաղված են։ Մեկը միայն մոտեցավ և շտապ խոստացավ իր ձին բերելու, դիակը գյուղ տանելու։

Մի տեղ մոռացել էին շունը։ Հավատարիմ պահապանը հաչել էր առաջին ոտնաձայնից։ Շղթան արդեն սեղմում էր կոկորդը, 30 բայց կենդանին դեռ խզացնում էր և ջղաձգությամբ առաջ նետում իրեն, բերանը բաց ու խուփ անում նրանց վրա, որոնք շան հաչոցին ոչ մի ուշադրություն չդարձնելով, երկաթյա լինգերով սեղմում էին գերանը՝ դուռը պոկելու համար։

Զեյթայի հրապարակում «ատրյադի» ձիերն ախորժակով խժռում էին թալանած խոտը։ Ինքը՝ Քյուրդ Մուրոն, մուշտակի մեջ փաթաթված մեկնվել էր խալու վրա և ննջում էր՝ գլուխը