Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/23

Այս էջը հաստատված է


Ահա ինքը՛ փղշտացոց լիազորը ոտք է կոխում ապագա քաղաքի սահմանը և քայլում է որպես հաղթանակից վերադարձող զորավար։ Ո՞ւր են կամարները, ինչո՞ւ շեփորները չեն ավետում քնած քաղաքին այն մասին, թե...

Շոֆերը մեքենայի գլուխը հետ դարձրեց, և որովհետև Հովանաթան Մարչի պատվերը կար մի հով տեղ սպասելու, քշեց դեպի դեմը երևացող ծառաստանը։ Հովնաթան Մարչը նայեց հեռացող մեքենային, ապա երեսը դարձրեց տափարակի կողմը։

Անշուշտ, երբ Պետրոս Մեծը ճահճուտների մեջ կանգնած, աչքը ծովախորշին, իր խոսքն էր ասում, անշուշտ, ռուսական արքայի դեմքին էլ նույն արտահայտությունը կար, ինչ որ Հովնաթան Մարչի դեմքին, որի քնքուշ մորթը արևից մի քիչ խանձվել էր։ Ճիշտ է, տարբերություն կար, ինչպես օրինակ, այն, որ ռուսական արքան երկարավիզ կոշիկներով էր, իսկ Մարչը դեղին բոտերով կամ այն, որ Մարչը երկրորդ անգամ էր պատմությունը կրկնում (իսկ այդ հայտնի ֆարս է),- բայց և այնպես նմանությունն ակներև էր։

Հովնաթան Մարչը շատ քայլեց ամայի տափարակում։ Հին, հայրենիքի փոշին նստեց նրա դեղին կոշիկներին։ Մարչը քայլում էր, նայում աջ ու ձախ, մտքում հաշիվներ անում, տների, ագարակների հաշիվներ, պարտեզներ տնկում, փողոցներ անցկացնում և ընդարձակ հրապարակ, կենտրոնում հսկա մի շենք, ամենաքիչը իններորդ դարու ոճով կառուցած, փղշտական հանդեսների ու եթովպական հավաքույթների համար։ Նա տեսնում էր այդ քաղաքը և քայլում էր այնպես, ասես ասֆալտած են մայթերը։

Մի օձ, մաշկն սպիտակ բծերով մի օձ, քարի վրա տաքանում էր։ Ոտնաձայնից գլուխը վեր հանեց և, հավատո՞ւմ եք, գլուխն այնպես տնկեց, ասես օձային իր լեզվով հարց էր տալիս նորեկին՝ ո՞վ ես, ի՞նչ ես ուզում ամայի այս դաշտում։ Մարչը չտեսավ օձին։ Գուցե դրանից նեղացած օձը բարվոք համարեց շուլալվել քարի տակ և շարունակել օձային յուր մտքերը ակնոցավոր նորեկի մասին։

Բայց զայրացածը արևն էր։ Ասես ուրիշ երկիրներից իր շողերը հետ էր կանչել, որպեսզի այդ ժամին խիտ շարքերով