Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/231

Այս էջը հաստատված է

ես հայ եմ,- նա հայ չի′, չի′, ասում եմ։- Կարծես խոսում էր մի աներևույթ մարդու հետ։ Եվ քար շպրտեց դեպի ներքև։

Պատի գլխին մի այլ ձիավոր խոսեցնում էր մի ուրիշ կնոջ։ Չոլախը վեր նայեց, կինը շրջվել էր դեպի ջուրը և աչքերը լայն բաց արած, նայում էր անտառին։ Չոլախը ճանաչեց Վարսենիկին

- Էս լիրբն էլ է էստեղ,- զարմացավ նա և աչքը չկարողացավ պոկել նրանից։

Ինչ էր մտածում Վարսենիկը։ Փոքրիկ բեղերով մի սպա նրա չորս կողմը շուռ էր գալիս, բարձրանում ոտների վրա, որ 10 նրա ականջին խոսք ասի։ Իսկ Վարսենիկը արձանի նման կանգնել էր։ Ոտների առաջ, քարի վրա մորթե պարկն էր։

- Համոզում է,- մտածեց Չոլախը։

Հանկարծ շառաչեց ապտակը, փոքրիկ բեղերով մարդու գլխարկը թռավ մի կողմ։ Մի ձիավոր շտապեց։ Կինն իրեն գցեց դեպի չիմանը․ ձիավորը կրակեց երկու անգամ։ Չոլախը տեսավ Վարսենիկին թփերի հետևը ու աչքից չքացավ։ Ձիավորը ձին քշեց, բայց ձին վախեցավ լանջից, ետ քաշվեք ու ծառս եղավ հետևի ոտների վրա։ Փոքրիկ բեղերով մարդը գլխաբաց վազեց նրա հետևից։ Ներքևից լսվեց ատրճանակի 20 կրակոց։ Քիչ հետո, մարդը հայհոյելով, իբրև հարբած բարձրացավ դեպի ճանապարհը։ Թփի վրա ծվեն-ծվեն դրոշակի պես օրորվում էր Վարսենիկի շալը։ Մարդը մոտեցավ, նայեց ու մի անգամ էլ կրակեց։ Գնդակը տրաքեց քարին ու քարից կտորտանք թռավ։ Վերից մեկը ծիծաղեց, իսկ մարդը ռուսերեն խոսք ասաց։ Երևի հայհոյում էր։

Չոլախը սողալով իջավ ձորը, թռավ բարակ ջուրը։ Երբ մտավ անտառը, մի քիչ հանգստացավ։ Ապա գնաց ջրի ափով... Ոչ մի տեղ ոչ մի հետք։ Փախել է կամ պահվել է անտառում։

Եվ կաղ ոտի կողմը ծռվելով, արագ անհետացավ մթին թավուտներում, ինչպես գազանը։ Նա գնում էր, կարծես իր կյանքում միայն մի անգամ էր մարդուն տեսել, նրա գործը, նրա կյանքը և սարսափահար շտապում էր տեսածը պատմելու Կաղնուտի ձորի միամիտ մարդկանց։