Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/235

Այս էջը հաստատված է

օրորվող փողոցներ և փողոցի ծայրին նիրհող պահակը, ինչպես արագիլը քամուց շարժվող բարդու գլխին:

Մարդը, որի անունը և ով լինելը մենք հաջորդ գլխում կասենք, ահա այդ ժամին նայեց ժամացույցին, ուսն առավ պայուսակը, լույսը մարեց և դռան բանալին գլորեց գրպանը։ Հետո նա իջավ մաշված սանդուղքով, անցավ բակը, որ անձև էր, որովհետև երկու կողմից բաց էր, և գնաց դեպի անորոշություն, այսինքն աղիքի նման ծալվեծալ նեղ փողոցով, որ սկիզբ էր առնում հենց այդպիսի անորոշ բակերից և կայարան տանող փողոցին մոտենալով մի քիչ շտկվում, մի քիչ 10 լայնանում, դառնալով ճանապարհանման մի փողոց, որտեղ տները համազգեստով են, այսինքն նոմեր ունեն և պատշաճ լապտեր, ոմանք նույնիսկ ցուցանակներ և ամենևին նման չեն այն խառնիխուռն հողակույտերին, որտեղից ելավ մարդը և որտեղ մի փոքրիկ լապտեր լույս է տալիս չորս-հինգ բակի, որտեղ խսիրով ծածկած արտաքնոցի կողքին հավաբունն է և անխուսափելի մոխրակույտը, ուր ցերեկը խաղում են երեխաները, իսկ գիշերը թազնում են մրսկան շները։

Մինչև կայարան նա համարյա ոչ ոքի չհանդիպեց։ Մի տնից երեխայի լացի ձայն լսեց և օրորոցի թրխկոց։ Լավաշի 20 փռից մխի և հասած խմորի հոտ առավ։ Նա նույնիսկ գլուխը բարձրացրեց և տեսավ ծանոթ թիթեղյա լավաշը, որ կախված էր ձողից՝ ցուցանակի փոխարեն և վրան կապույտ ներկով գրած՝ «Հաց կա», «Հաց չկա»։ Փողոցին նայում էր «Հաց կա» երեսը։ Դիմացը գալիս էր մի կառք։ Ձիերը քայլում էին դեպի գոմը, նա տեսավ կառապանին, որ գլուխը կախել էր կրծքի վրա, փաթաթվել մուշտակի մեջ։ Կարծես անգլուխ էր կառապանը, ձիերը քաշում էին մի խորհրդավոր մարմին։

Կայարանի հրապարակում նա շարժում տեսավ։ Գիշերային կառապանները հավաքվել էին իրար մոտ։ Նրանք թեթև 30 կրակ էին արել և շուրջը նստել։ Ձիերը խժռում էին հարդը։ Մի քանի հոգի դուրս եկան կայարանից, գնացին քաղաքի կողմը։ Մեկը նրանցից բաժանվեց և բաժանվելիս կանչեց՝ «Ալյոշ, էքվան թեզմ արի»։

Քթին խփեց վակզալի հոտը։ Նա անցավ հանդարտ դահլիճով, որտեղ նստարանների վրա փռվել էին ուղևորները,