Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/236

Այս էջը հաստատված է

որոնք ստիպված էին գիշերել։ Նա անտարբեր նայեց շուրջը, ահա մեկը խուրջինը գլխի տակ, ոտքերը փռել է և քնի մեջ քորում է մարմինը։ Մի ուրիշը կռթնել է չեմոդանի վրա և դիրքն այնպես է, կարծես խոր միտք է անում. երրորդը գլուխը դրել է պատուհանին, չորրորդը ո′չ գետնին է փռվել, ո′չ գլուխն է դրել պատուհանին և ո′չ էլ խոր միտք է անում, այլ պարապությունից, թե ձանձրույթից հագեցնում է քաղցը և ուղտի նման չոքած, բացել է պաշարը, ուտում է ձու, պանիր, հաց, խաշած միս և ով գիտե ինչ բարիքներ, որ հոգատար մի 10 ձեռք եփել է, թխել, փաթաթել, կապել։ Հինգերորդի քունը չի տանում և նստել չի ուզում, տասն անգամ կարդացել է չվացուցակը, քսանվեց անգամ մոտեցել ժամացույցին և հիմա հետաքրքիր նայում է, թե ինչպես է չոքած ուղտը լավաշները կլանում ։

Մեր ծանոթը, որի հետ դեռ մենք պիտի գնանք և ականատես լինենք նրա գլխով անցած դեպքերին մինչև եղերական վախճանը և նրա շնորհիվ ծանոթանանք շատ մարդկանց և մի պառավ ձիու հետ,- մեր ծանոթը բոլորովին անվրդով անցավ այդ տեսարանների կողքով և դուրս եկավ պերրոնը, 20 ստուգելու ժամացույցը։

Այստեղ էլ խաղաղություն էր։ Ռելսերի զույգերը շողշողում էին, և երբ լապտերները օրորվում էին, թվում էր, թե ռելսերը շարժվում են, օձաձև գալարվում, ուռչում և փոս ընկնում, ինչպես ջրի մակերեսը։ Մի շոգեմեքենա մանյովր էր անում, կարծես պարապությունից ման էր գալիս գծի վրա, աննպատակ հետ ու առաջ գնում։ Հեռվում մի քանի շոգեմեքենա հանգցրել էին ճրագները և շար ընկել։ Կանաչ լապտերով մի մարդ նրանց անիվների արանքում ինչ-որ բան էր սարքում։

Մեր ծանոթը գոհունակությամբ նկատեց, որ իր ժամացույցը 30 ճիշտ է աշխատում և վերադարձավ մյուս դահլիճը, որտեղից լսվում էին աղմուկի խուլ ձայներ։ Տոմսերի կասսի առջև խռնվել էին 40—50-ի չափ գյուղացիներ, որոնք իրար հրում էին, սեղմում երկաթե ոլոր-մոլոր այն միջնորմների արանքում, որ, ինչպես հայտնի է, կառուցված է հերթ սպասելը դյուրացնելու համար։ Գյուղացիները բոլորն էլ տղամարդիկ էին, կային երիտասարդներ։ Տիրապետողը գորշ գույնն