Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/237

Այս էջը հաստատված է

Էր, որ իշխում էր նրանք պատառոտած զգեստների և հողագույն դեմքերի վրա։ Հերթում սպասելը դժվարանում էր և նրանով, որ յուրաքանչյուրն իր ձեռքին ուներ իր կապոցը` մեշոկ, ջուալ, փայտե սնդուկ և կամ նույնպիսի հողագույն քաթանի վերմակի մեջ պարանով կապված պաշար։ Նրանցից յուրաքանչյուրն աշխատում էր ազատվել հարևանի բեռան անախորժ ծանրությունից, որ իջնում էր ուսերի վրա, կամ հրում էր մեջքը, ծակում էր, եթե հարևանը վերմակի մեջ փաթաթած ուներ «սալդաթի վախտը» բերած պղնձե թեյամանը (մեկի տոպրակի միջից երևում էր կացնի կոթը),- միաժամանակ 10 յուրաքանչյուրն աշխատում էր կապոցը հարմար տեղ դնել։ Բայց գլխավորը հերթն էր, և այն սպասումը, թե երբ պիտի բաց անեն կասսը, որի համար ոմանք բռունցքի մեջ պինդ բռնել էին տոմսակի մի քանի անգամ հաշված գինը։

Աղմուկը բարձրանում էր ոչ միայն նրանից, որ վերջինները հրում էին առաջիններին, և լսվում էին ահեղագոչ աղաղակներ, թե մեկի ոտքը տրորվեց կամ մյուսի թևը մի բանի տակ մնաց,- աղմուկն ավելի անսովոր վիճակից էր. անասնական երկյուղից, թե կարող է մի բան պատահել, ինքը կմնա, իսկ Օննիկը կերթա պովեզով։ Կային և անհանգիստ 20 երիտասարդներ, որոնք աննպատակ հրում էին և բոռում, ինչպես ջահել բուղան, երբ քթովն է ընկնում հողի առաջին խոնավությունը։ Նրանք բոռում էին և ծիծաղում, իսկ նրանք, որոնք սեղմվում էին մարդկանց և իրերի միջև, սեղմվում էին երկաթե միջնորմի արանքում, հուսահատությունից թափում էին հայհոյանքների քարե կարկուտ և կատաղության սև ջուր։

Եվ ահա բացվեց այս տեսարանը մեր ծանոթի աչքերի առաջ, երբ նա պերրոնից ներս մտավ։ Նայեց նա, ինչպես նկարիչը կնայի փրփրած ծովին։ Սակայն նկարիչ չէր մեր ծանոթը, այլ կարգի և միօրինակության մոլեգին երկրպագու։ 30 Եվ շատ վրդովվեց նրա սիրտը, երբ տեսավ, որ գորշ բազմությունը երկաթե միջնորմի մեջ, ինչպես անտառի գազանները վանդակների մեջ, աննպատակ հրմշտում են, բոթում, բոթբոթում, աղմկում, այնինչ դեռ մի ժամ և քառորդ կար մինչև կասսը բացվեր և մի ժամ էլ մինչև առաջին զանգը։ Եվ որոշեց սանձահարել հողմը։