Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/238

Այս էջը հաստատված է


Այն խոսքը, որով նա դարձավ հերթի կանգնածներին, կարճ եղավ, և մի պահ հանդարտվեց աղմկահույզ ծովը։ Նա առաջարկեց իրենից նոմերներ ստանալ այն կարգով, ինչպես կանգնել են, ապահովել հեռանալ ու հանգստանալ մինչև տոմսերի վաճառելը։ Նրա խոսքից հետո նախ տիրեց լռություն, որի ընթացքում հերթի կանգնածները կասկածախառն զննեցին նրան, ապա վերջինները աղմկելով համաձայնություն հայտնեցին. միջինները տատանվեցին, իսկ կասսային մոտ կանգնածները համառեցին։ Մարդը հաստատ և հավասար 10 քայլերով, ինչպես զինվորական, մոտեցավ նրանց և հարցրեց ամենաառաջինին, որը երկու ձեռքով ամուր գրկել էր կասսի դուռը.- հարցրեց նրա ազգանունը, հանելով բլոկնոտը։ Միջինները միացան վերջիններին. այնտեղից մի քանիսը պոկվեցին և եկան հանդիմանելու առաջիններին։ Րոպեն վճռական էր։ Մեր ծանոթը համառությամբ կրկնեց իր պահանջը և մարդը վերջապես ասաց ազգանունը՝ հողագույն և հասարակ, ինչպես ինքը՝ Գրիգոր Կարապետյան, ինչպես պատի աղյուսներից մեկը։ Նա տարիքով էր, աշխարհ տեսած չէր և այն հաստատ համոզմանն էր, թե ով հարցնի իր անունը և ազգանունը, նա «օրենքի 20 մարդ է», այսինքն բարձր է իրենից։

Նա ասաց իր ազգանունը և ստացավ «պերվի նոմերը»։

Մեր ծանոթը մտադիր չէր ազգանունները գրելու, նա միայն ուզում էր նոմերներ բաժանել, բայց առաջինի համառությունը պատճառ եղավ, որ բլոկնոտի շատ թերթեր սևանան։ Երբ գրվեց վերջին 47-րդ ազգանունը (43-րդը ավելացրել էր «կոմսոմոլ», իսկ 19-րդը՝ «հինգ նաֆարից բաղկացած չքավոր եմ») և հանձներ 47-րդ նոմերը, ոչ ոք դեռ տեղից չէր շարժվել, միայն աղմուկը և հրմշտելը հանդարտել էր։ Նա առաջարկեց ցրվել և հանգստանալ։ 43-րդը, որ իր ազգանվան դիմաց ավելացրել 30 էր «կոմսոմոլ», առաջինը դուրս եկավ։ 5-րդ նոմերի տերը առարկեց։

- Չի՞ եղնի, որ համ մեր տեղեն չհեռանանք, համ էլ նոմերը պահենք...

Այս առաջարկը կասկածներ ծնեց, և որովհետև կարող էր գործը քանդվել, մեր ծանոթը երկրորդ անգամ խոսեց. այս անգամ դառնությամբ, դեմքը խոժոռելով միայն 5-րդ նոմերի