Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/240

Այս էջը հաստատված է

ժամանակ անշարժ նույն տեղն էր, որպես մի քարե սյուն, որի ստորոտին զարնվում են պղտոր ալիքները և ամոթով հետ փշրվում:

Ի՞նչ էր մտածում նա, երբ հերթից դուրս եկածներից մեկը բարձրաձայն հայտնում էր իր գովքը մեր ծանոթի հնարագիտության կամ ինչպես ինքն էր ասում, «ֆահմի» հանդեպ, մյուսը իղձ էր հայտնում ուտելու նրա ուսումի այն մասը, որ, ինչպես հայտնի է, ուսումը չունի և միայն ոչխարի այդ մասն է համեղ, երրորդը խորհրդածություններ էր անում այն մասին, թե «էշ ապրած, էշ մեծացած» են իրենք և դեռ չգիտեն «զակոնի 10 պռավիլը»։ Այս կարգի միտք զարգացնում էին և մյուսները, որոնք քիսաներից, «կութիներից» և ո՞վ գիտե որպիսի տուփերից հանում էին թութուն ու խորը ծխում, որովհետև հերթի հրմշտկոցը նրանց չէր թողել այդ պահանջին հագուրդ տալու։ Սակայն ի՞նչ էր մտածում մեր ծանոթը, երբ նրա շուրջը քյալարեցիների, դանաղռանցիների, քուլլուբուլաղցիների, քյավթառքոսեցիների և Մեծ Օքուզյաթաղ գյուղում բնակված գաղթականների բերանից ծխի հետ դուրս էին ելնում օրհնության, գովեստի և երախտագիտության քուլաներ...

Որքան էլ խուզարկու աչքով դիտում ենք նրա երեսը, չենք 20 նկատում մի նոր կնճիռ կամ մկանի որևէ շարժում։ Աչքերը նույնպես սառն են, հայացքը խոժոռ, այնպես, որ մենք ինքներս երկար չենք կարողանում նայել նրան, առանց խոնարհելու մեր սեփական աչքերը։ Եվ մի կասկած է ծնվում մեր մեջ, թե չլինի՞ նրա աչքերից ելնում են ահռելի հզորության քիմիական ճառագայթներ, որոնք չեզոքացնում են մեր տեսողությունը և ենթարկում իրենց, ինչպես օձի աչքերը երկչոտ գորտին։ Ուրիշը նրա փոխարեն կապրեր հաղթանակի հաճույքը. գոնե անբարբառ կշոյեր և կմեծարեր ինքն իրեն շրջապատված բարերարված բազմությամբ, որոնցից ամեն 30 մեկը իր ձեռքին բռնել էր նրա նշանը, նրա դրոշմը, ինչպես հպատակները թագավորական պասպորտը։ Գուցե մի ուրիշը առիթից օգտվելով նոր քարոզ կարդար կամ թե մի քննադատ բարձրանար միջնորմի մեջքին և հմայված բազմությանը գերեր «ընդհանուր ակնարկներով» կամ «ներածական երկու խոսքով»- բայց այդպես կաներ քննադատը կամ մի ուրիշը, մի երկրորդ ուրիշը, և ոչ թե մեր ծանոթ քարե սյունը։