Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/241

Այս էջը հաստատված է


Սակայն չի կարելի ասել, որ նրա գլխում այդ րոպեին մտքերը անշարժ և հանդարտ էին, ինչպես գլխի՝ խնամքով սանրած դեղին մազերը։ Նրա սառը հայացքը միջնորմի կողմն էր, կասսի ուղղությամբ։ Նա նկատել էր, որ ոմանք շատ են մոտենում միջնորմներին, իսկ երկու հոգի փողերը որոնելու պատրվակի տակ չեն հեռանում կասսի առաջից, կարծես դրամները գլորվել են այն կողմը՝ տոմսակի համար։

- Հեռացե′ք,- և մեր ծանոթի ձեռքը թրի նման օդը ճեղքեց, կարծես յաթաղանով գլուխ կտրեց։ Այս կանչի վրա վազեցին նրանք, որոնք կապոցները թողած դուրս էին եկել պերրոն, 10 դահլիճ, փողոց։ Եվ բոլորը հարձակվեցին դրամ որոնող երկուսի վրա և նրանց, որոնք շատ էլ չէին հեռանում միջնորմից։ Այս լուրջ ընդհարում էր։ 5-րդ նոմերի տերը իբրև տրիբուն մի կրքոտ ճառ ասաց նրանց «մուխաննաթ» և ծուռ միտք լինելու մասին։ Նույնիսկ կասկածներ հայտնեցին, որ ոչ մի փող չի ընկել, գրպանումն է զրնգացել։ Իսկ փող կորցնողը կրկնակի վիրավորված բղավեց, որ «բլեթի» փողն է կորսվել և դեռ չի գտել երկու «աբբասի» և մի թաք շահանոց։ Բայց և այնպես նրանց հեռացրին այդտեղից, և էլ ոչ ոք չկար կասսին մոտիկ։

20 Մեր ծանոթը հանեց ժամացույցը։ Գնացքը պիտի դուրս գար մոտակա կայարանից։ Հանկարծ հնչեց դրսի զանգը և նրա ղողանջը խլացավ մի զարհուրելի աղմուկի մեջ։ Պերրոնից, դահլիճներից, փողոցից հետ եկավ բազմությունը, որպես պղտոր հեղեղ։ Թռան նստարանների վրայով, թռան բագաժի կշեռքի վրայով, թռան նույնիսկ իրենց շալակի կապոցների վրայով։ Իբրև թե հրդեհվում է պերրոնը, դահլիճները, փողոցը, բոլոր պատուհաններն ու դռները, և մխի ու ծխի ալիքների մեջ իբրև փրկության փարոս կանչում էր միայն կասսի փոքրիկ դռնակը, որտեղով միայն պիտի դուրս գնար այդ 30 բազմությունը։ Եվ ով արագ թռավ, եղավ առաջինը, ով ճխլեց մեկի ոտքը, մյուսի փորը, եղավ երկրորդը, ով խուրջինը բռնեց ատամներով, որ թևերը ազատ լինեն, եղավ երրորդը, ով իբրև սառցահատ կտրեց թևեր ու թիկունք, եղավ չորրորդը, և իրար հետևից մյուսները իբրև բարժ, բարկաս, առագաստանավ,