Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/250

Այս էջը հաստատված է

Երկար կլիներ պատմել նրա ամբողջ կյանքը, թե ինչպես աղվամազը կոշտացավ, գլխի մազերն ավելի դեղնեցին, ինչպես նեղ ճակատի վրա շարվեցին բազմաթիվ կնճիռներ, որոնք նույնիսկ իջան քթի ուղղությամբ, և ինչպես այդ բոլոր արտաքին ավերածությունների և փոփոխությունների հետ անփոփոխ մնաց նրա ներքինը, ավելի ճիշտ, ամրացավ նրա մեջ այն համոզումը, թե մարդիկ նույն թվերն են․ 9-րդն ունի 8 հպատակ և խոնարհվում է 10-րդի առաջ, որ ավելի հեշտ է հրամայել, քան մտածել, «միջոցառումներ կիրառել», քան համառ աշխատել։

10 Ահա մոտենում է այն կիսակայանը, որտեղ նրան սպասում է մի պառավ ձի, և նրա տերը՝ Եթիմ Մանգասարը, որին այդ մասին կարգադրել էր «Ստավրապոլի» լիազորը։ Ինչու՞ է գնում Որոտման որդին այն գյուղը, որ ընկած է շատ հեռու և որին հասնելու համար պետք է մի ձմեռվա օր ճանապարհ գնալ։ Հողաչա՞փ է նա, բժիշկ, ագրոնոմ, ագիտատոր, ուսուցիչ,- ամենևին ոչ։ Նա «կցված է սույն գյուղին աշխատանքները աշխուժացնելու», ինչպես ասված է նրա վկայականի մեջ։

Եվ գնում էր նա հեռվի գյուղը, գլխի մեջ պլաններ, թվեր, առաջադրանքներ և կազմակերպչական եզրակացություններ, 20 տախտակներ տոկոսներով և առանց տոկոսի։ Նրա գլխի մեջ պտտվում էր «միջոցառումների» մի չարխ, որ կառուցել էր ինքը մասերի դաժան միօրինակությամբ։ Եվ այդ զարմանալի մի չարխ էր։ Նրա յուրաքանչյուր ձողիկը կարթ ուներ, որ կարող էր միայն մի երևույթ կամ մի խնդիր դուրս հանել կյանքի աղմկոտ ծովից։ Ձայն էր հանում ձողիկը, ինչպես բառաչում է ձուկը, և այդ ձայնից նա հասկանում էր անելիքը։ Միայն երկու դեպքում ժխորաձայն աղմկում էին Իգնատ Պեդեյանի չարխի բոլոր ձողիկները, երբ կարթը հանդիպում էր «կազմակերպչական թերության կամ «սկզբունքային տարաձայնության»։

30 Նրա հռչակավոր բլոկնոտի մեջ, եթե կարելի է ասել, Պեդեյան համակարդությամբ դասավորված էին բոլոր խնդիրները և նրանց լուծումը, ինչպես սրվակները դեղատան դարակներում։ Եվ չի կարելի ասել, թե անօգուտ էր այդ սրվակների պարունակությունը. նրանց մեջ կային և բուժիչ միջոցներ։ Սակայն փորձված ճշմարտություն է, որ ամենաթույլ հաբը մահաբեր է, եթե ընդունվի ձիու դոզայով։