Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/256

Այս էջը հաստատված է

քար երկիր է, բայց շնորհակալ ենք, էլի ամեն կատեգուրուց տվել են, բայց դե էլի քարը...

Եթիմ Մանգասարի ձիու քթովն ով գիտե ինչ հոտ ընկավ, գուցե լսեց գոմի դռան ձայնը և հանկարծ պոկվեց դեպի փողոցը։ Սիմոնը նրա հետևից կանչեց, որ ձին աղբյուրը չտանի, որովհետև ձին քրտնած է, բայց ձիավորը չլսեց, ավելի ճիշտ չկարողացավ լսել, իսկ ծարավից նեղված ձին գլուխն առավ դեպի աղբյուրը։

Աղբյուրի մոտ հարս ու աղջիկ մի կողմի վրա քաշվեցին։ 10 Նրանք աչքի տակով դիտեցին օտարականի բոլորովին օտարոտի կերպարանքը, պայուսակը, որ մեջքին կապած էր այն րոպեից, երբ տնից դուրս եկավ, և նրանցից ոմանց ամոթխածությունը զգացվեց, երբ տեսան արագ և անվարժ քշելուց մինչև ծնկները վեր քաշած շալվարը, վարտիքի տուտը և բրդոտ սրունքները։ Հանկարծ այն կողմից մի տղա վազեց և ձիու գլխին խփեց այն րոպեին, երբ ձին ծարավից տոչորված մռութը կոխել էր սառը ջրի մեջ։ Ձին հետ-հետ քաշվեց, ձիավորը, որ թույլ էր նստած մեջքի վրա, ծռվեց, ապա ամբողջ մարմնով կախվեց մի կողմի վրա։ Եվ բղավեց․

10 - Ի՞նչ ես անում,- բայց տղան շրջվեց և նրան բարձրացրեց։ Կանայք ակնհայտ կերպով իրենց համակրանքը ցույց տվին ճարպիկ տղային։ Ձիավորը ձեռքը տարավ բլոկնոտին՝ նշանակելու ներկաների թիվը, գուցե և ազգանունը, բայց տղան սանձից բռնեց և ձիու առաջն ընկավ։

- Սատկած, հրես ապին գա կողերդ ջարդի...

Իսկ ապին, այսինքն Եթիմ Մանգասարը իր հորեղբայր Սիմոնին այդ րոպեին գանգատվում էր, թե ինչպես վազեվազ է եկել, ինչպես «էն ընկերը» ձին քշում էր և չէր թողնում, որ ինքը ձորը բարձրանալուց ձիու պոչից կախվի։

30 -Չէ, զորբով մարդ է երևում, Մանգասար... Լավն էդ ա, թող մի քիչ չար լինի, դրանից վնաս չկա։

Ձիավորը, նույն ինքը Իգնատ Պեդեյանը, այնքան էր հոգնել ճանապարհից, բազմաթիվ տպավորություններ այնպես էին խռնվել նրա գլխում, որ խոսել անգամ դժվարացավ։ Տղան ձին պահեց մի դարպասի առաջ, իջեցրեց նրան և ձին քաշեց։ Հետո հևիհև մոտեցավ մեկը և նրա ձեռքը թոթվեց։