Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/260

Այս էջը հաստատված է

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԵՊ

(Պահպանված հատվածներ)

«ԼԻԲԵՐ ԱՐՄԵՆԻԵՐ»

1

Ոչ Սուրբ Իոհաննի տաճարը, ոչ գրանիտե դղյակը, որտեղ ըստ ավանդության ապրել է շվեդների Գուստավ Ադոլֆ թագավորը և ոչ էլ Քարե կամուրջը, որ կապել էին Ստեֆան Բատորիի ժամանակ,- չէին ստեղծել այն հռչակը, որ ուներ Դորպատը 10 մի դար առաջ։ Օստզեեի երկրներում կային այլ ուրիշ քաղաքներ, որոնք ավելի հնամյա հնություններ ունեին, քաղաքներն ավելի բազմամարդ էին և բնակիչները կարող էին ցույց տալ դաշտեր, որտեղ տեղի էին ունեցել այնպիսի ահեղ պատերազմներ, որոնց հետևանքով ոչնչացել էին ամբողջ թագավորություններ, - բայց այնուամենայնիվ հռչակն, ինչպես անակնկալ փառք, բաժին էր ընկել այդ խուլ քաղաքին, որ ընկած էր էմբախի երկու ափերի վրա։

Դորպատի այդ հռչակը ստեղծել էր արքայական համալսարանը՝ կառուցված Ալեքսանդր 1-ի կայսրության օրոք։ Այլևս 20 չկային սուրբ Դիոնիսիոսի տաճարի ավերակները, որ երկու դար կանգուն էին Դոմբերգի գագաթին և դեռևս հեռվից երևում էին նրա կիսավեր պարիսպները։ Տաճարի ավերակների վրա կառուցել էին համալսարանի մատենադարանը, իսկ ավելի ներքև,