Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/261

Այս էջը հաստատված է

որտեղ եղել էր Գուստավ Ադոլֆի Academia Gustaviana-ն, բարձրանում էր Մայր Ճեմարանի սյունազարդ շենքը, սպիտակ կրաքարերից, շրջապատված լորիների և կաղնիների անտառով, որտեղ գուցե դեռևս մնում էր մի նահապետ կաղնի, որի սաղարթն աղմկել էր դեռ այն ժամանակ, երբ էմբախի ափերին չկար ո՛չ Իոհաննի տաճարը, ո՛չ գրանիտե դղյակը և Քարե կամուրջի փոխարեն գետի ափերն իրար էին միանում կաղնու գերաններով։

Երբ փորում էին նոր շենքերի հիմքը, փորողների բրիչները 10 և բահերը գետնի տակից հանում էին դեղնած ոսկորներ, հողով լցված գանգեր, որոնց աչքերի փոսերից դուրս էին սողում անձրևային կարմիր ճիճուներ։ Նրանք կծկվում էին արևի տակ, ապա ներս մտնում գանգի խոռոչը։ Փորողները գտնում էին տեգեր, նիզակների կտորներ և կավե կարասի։ Եվ որովհետև ավելորդ էր նոր գերեզմաններ փորել նրանց համար, որոնք, ո՞վ գիտե, ինչ մարդիկ էին և ինչ ազգի էին և մեռել էին որպիսի մահով,- որովհետև ոչ մահարձան ունեին նրանք և ոչ տապանագիր, ուստի բոլորի ոսկորները լցրին մի փոսի մեջ, ծածկեցին փոսը և հուշարձանի մարմարի վրա քանդակեցին հետևյալը։

20 «Այստեղ հանգչում են ոսկորները զանազան ժողովուրդների XIII դարից մինչև XVIII դարը։ Դորպատը նրանց հողին հանձնեց սուրբ Մարիամի մատուռի մոտ։ Նրանց գանգերի վրա Ալեքսանդրը կառուցեց մուսաների նոր օթևան։ Նրանց է հատկացվում այս վայրն ի հանգիստ և ի խաղաղություն։ Anno domini MDCCC VI»:

Դորպատն ուսանողների քաղաք էր («Burschenburg»):

Վեց հազար բնակիչներից երեք հարյուրը ուսանողներ էին` «ձեղունահարկի բնակիչները», ինչպես նրանց մասին արտահայտվում էր պոլիցեյմեյստեր գնդապետ Կրուչինսկին։ 30 Համալսարանի պրոֆեսորների, սպասավորների և պեդելների հետ միասին (այդպես էին կոչվում այն կես ոստիկան կատարածուները, որոնք ենթարկվում էին կուրատորին և որոնց պարտականությունն էր հսկել համալսարանի ներքին կարգապահությանը),- ուսանողները կազմում էին պետություն պետության մեջ, որոնցից զուրկ էին Ռուսական կայսրության մյուս համալսարանները։