Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/262

Այս էջը հաստատված է

Գուստավ Ադոլֆ թագավորի սահմանած կանոններից մի քանիսը դեռ ուժի մեջ էին Դորպատի «ակադեմիական քաղաքացիների» համար։ «Իմ կրած վիրավորանքների համար,- այսպես էր երդվում նոր ընդունվող ուսանողը,- ես վրիժառու չպիտի լինեմ ըստ անձնական քմահաճույքի ո՛չ հայտնի կերպով և ո՛չ գաղտնի. այլ թե այսպիսի, ինչպես և ինձ համար ուրիշ այլ դժվար դեպքերում ես պիտի ենթարկվեմ ռեկտորի կամ համալսարանի սենատի որոշման։ Համալսարանից ես կարող եմ հեռանալ միայն ռեկտորի բարեհաճ համաձայնությամբ 10 և, եթե ենթարկվեմ կալանքի, չպիտի խույս տամ այդ պատժից։ Տնային կահ-կարասին և իմ բոլոր իրերը ես քաղաքից պիտի հանեմ միայն իմ պարտատերերին ինչպես հարկն է բավարարելուց հետո»։

Բայց և այնպես «ձեղունահարկի բնակիչները», եթե առիթ լիներ, գերադասում էին իրենց կրած վիրավորանքների համար տեղն ու տեղը դատաստան անել, ըստ «անձնական քմահաճույքի» - բռունցքներով, թրադաշույններով և սուսերներով, քան ըստ տառի օրինաց դիմել համալսարանի ռեկտորին։ Նրանց համար «Պատվո դատարանի» բանավոր վճիռն ավելի զորավոր 20 էր, քան համալսարանի տրիբունալի սահմանած պատիժները, որոնց հանդեպ կար լռելյայն ընդունած այսպիսի վերաբերմունք. նա, ով կարցեր չի նստել, ում չեն դատապարտել concilium abiundi-ի («պայմանական վտարման») և, վերջապես, ում անունը թեկուզ մի անգամ չի արձանագրվել ավագ պեդելի մատյանում,- նա ոչ թե ուսանող է, այլ նպարավաճառի որդի, մի խեղճ հրեա, որին բոլորը կարող են արհամարհել- նրա հետ մեղրագինի չխմել, չգնալ նրա տունը և առհասարակ նրան ճանաչել հետնյալ մարդ։

«Այն պրոֆեսորները, որոնք որևէ արարքի հետևանքով 30 այլևս հաճելի չեն ստուդենտներին, լավ կանեն, եթե իրենց տան պատուհանները բացեն ոչ թե փողոցի, այլ բակի վրա»,- գրել է պոլիցեյմեյստեր Կրուչինսկին Օստզեեի գեներալ-նահանգապետ մարկիզ Լուչինիին.- «Այստեղի ստուդենտն իրենից բարձր ճանաչում է Աստծուն, ապա թագավոր կայսեր և ապա իրեն և այլևս ուրիշ ոչ ոքի («Der Herr Goott, dann der Kaiser von Russland, dann der dŏrptsche Bursch»): Պարտք