Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/268

Այս էջը հաստատված է


Դորպատում, կազմելով աղատ եղբայրություն, ապրում էին ինչպես կազակներն անծայրածիր ստեպներում։

Պատիվ, հայրենիք և ազատություն,- այս էր նրանց նշանաբանը։ Կային ուսանողներ, որոնց համար գերագույնը միայն պատիվն էր, հայրենիքը՝ ծննդավայրը, ուր տոհմական դղյակում ապրում էր իշխանուհի մայրը և հայրը, որը շների ահագին բազմությամբ գնում էր որսի, ուներ անտառներ, հողեր, ջրաղացներ և ճորտ գյուղացիներ, որոնք մշակում էին նրա կալվածքը և ահա նրանց 10 քրտինքի վաստակից հայրը տարին մի անգամ, մեծ մասամբ աշնանը, հնամենի դորմեզը բեռնում էր զանազան բարիքներով, կառապանի կողքին նստեցնելով ծերունի սպասավորին, որի ձեռքի տակ էր մեծացել տիրոջ որդին՝ Դորպատի ուսանողը, որին ծերունի սպասավորը համարում էր դեռևս անփորձ մանուկ,- ահա այդ սպասավորին էր պատվիրում խստաբարո կալվածատերը. «կասես քո երիտասարդ պարոնին, որ մինչև հաջորդ բերքը մեզանից ոչինչ չսպասի, ձմեռնամուտին կուղարկենք նաև վառելիքի փողը։ Եվ թող ողջությամբ ապրի մինչև մյուս աշուն»։ Եվ հին դղյակի դռներից ձիերը դղրդոցով հանում էին ահագին դորմեզը՝ 20 բարձած ալյուրի պարկերով, ապուխտած մսով, աղած և չորացրած սունկերի բղուղներով, եփած և դեռ կենդանի սագերով, որոնք վանդակների մեջ թափահարում էին թևերը, կռնչալով վերջին հրաժեշտը հայրենի ջրերին։ Հին դղյակի պատըշգամբից պառավ իշխանուհին դեռ երկար էր նայում դորմեզին, որ երբեմն հայտնվում էր անտառի եզրին, երբեմն կորչում էր, ինչպես միայնակ ուղևորը դեռ չհնձած արտերի արանքում, և լաց էր լինում պառավ մայրը, որ ամուսնուց ծածուկ հավատարիմ սպասավորին հանձնել էր նաև մի փոքրիկ քսակ ոսկի և մի տաք շալ, որ գործել էին նրա պառավ նաժիշտները 30 ձմեռվա ցուրտ գիշերներին՝ բուխարու առաջ իշխանուհուն պատմելով միամիտ պատմություններ նրա հարսնության տարիներից։ Դեռ լաց է լինում պառավ մայրը, այնինչ դորմեզը վաղուց չի երևում և հոգնությունից ննջում է ծերունի սպասավորը, մտքի մեջ ամուր պահելով իշխանուհու ծածուկ հրահանգը՝ իմանալ, թե այն հեռու քաղաքում «տղան» արդյոք չի՞ գտել հարսնացու և չի՞ սպասում ծնողների օրհնության։