Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/270

Այս էջը հաստատված է


այնպես մաշված կոշիկը, որ նույնիսկ ամոթ է ասել, թե ինչպես մաշված կոշիկ․․․ Իսկ կանացի կոշիկ կամ այդ սեռի համար կոշիկ ինքը չի կարել և աստված մի արասցե, որ դեպք պատահի, որովհետև․..»։ Սպասավորն ու հրեա կոշկակարը հին ամուրիներ էին և իրար երեսի նայելով, հասկանում էին, թե ինչ ասել է «որովհետև»...

Արդեն «հավիտենական շտուդենտ»- ին ձանձրացնում էր ներկայությունն իր հին բարեկամի, որը ծերունու նվազած հիշողությամբ երկրորդ անգամ էր պատմել Տուբոյի 10 կուրանալը և արդեն մաքրել էր տղայի» կոշիկներն այնպիսի յուղով, որի գաղտնիքը միայն նրան էր հայտնի, և որի փայլը կմնար մինչև մյուս աշուն,- ծերունին արդեն մորթել էր սագերը և նրանց բմբուլով փափկացրել էր երիտասարդ պարոնի ներքնակը, անհայտ է, թե որտեղ լվացել էր նրա բոլոր շապիկները և կարել կոճակները (նույնիսկ «տղան» էր հետաքրքրվում, թե արդյոք հենց ինքը ծեքունին չի լվացել և չի՞ կարել կոճակները գոմում, երբ քնած էր լինում հարբած կառապանը, ձիերը խժռում էին գարին, իսկ ինքը...), կոճակները, որոնցից մի քանիսը, ինչպես նկատում էր 20 ծերունին, պոկվել էին վաղաժամ և անբնական եղանակով, իրենց հետ տանելով նաև զգեստի կտորից մի քանի թել։

Այդ բոլորն արդեն կատարվել էր, և ահա աշնան մի անձրևոտ օր ձիերը գլուխը դարձնում էին դեպի հայրենի գոմը, կայտառությամբ քաշելով թեթևացած դորմեզը, որի մեջ դատարկ վանդակներ էին, պարկեր, սնդուկներ և կողովներ, նաև «տղայի» մաշված շորերի կապոցը, որ ծերունի սպասավորը, իբրև թանկ նվեր, տանում էր պառավ իշխանուհուն։ Դղրդում էր դորմեզը, իսկ ծերունին ննջում էր, փաթաթվելով խարխլված քուրքի մեջ և աշնան տխուր անձրևի հետ միտք 30 էր անում, թե այլևս քանի վերադարձ մնաց, և ի՞նչ պիտի ասի իր տիրուհուն հարսնացուի մասին, որ պիտի գար ու չէր գալիս։

Նաև կային ուսանողներ, որոնց համար հայրենիքը միայն տոհմական դղյակը չէր և ոչ էլ ազատությունը՝ սանձարձակություն վատնելու այն բարիքները, որ անաշխատ կուտակում էին նրանց ծնողները և նույնքան հեշտ վատնում էին որդիները։ Այդ ուսանողներից ոմանք ամենևին չունեին