Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/274

Այս էջը հաստատված է


կամ տանն էին, կամ պանդոկի ներքնահարկում, նրանց նավակներն օրորվում էին՝ կախված այդ հին տան պատերից։

Տունը թեև հին էր, և նշմարվում էին այն ճեղքերը, որտեղից արդեն սկսվել էր շենքի մահը, բայց գեղեցիկ էր, մանավանդ վերջալույսին, երբ Շլոսբերգի բլրակների վրայից արևը ոսկեզօծում էր գետը։ Արևի տակ մուգ կարմիր փայլում էին մաշված աղյուսները, իսկ պատուհանների պղտոր ապակիների մեջ արևն այնպես էր ցոլանում, որ կարծես ներսը վառել էին պղնձյա կանթեղներ։ Այդ ժամերին ֆրաու Ֆոգելզանգը 10 սիրում էր ասել, որ տունը երբեմն եղել է Ստեֆան Բատորիի դղյակը, որի զինանոցը իբրև թե գտնվում էր ներքնահարկում, ուր տեղավորված էր նրա նշանավոր պանդոկը։

Հազիվ թե ճշմարիտ էր պանդոկի տիրուհին․ դրսից դեռևս երևում էր մի անհայտ նկարչի գործ, որով զարդարված էր պանդոկի դռան ճակատը․ մի թռչուն՝ նման անտառաբնակ բուի, քաշում էր զանգակի պարանը, մագիլների մեջ պահելով մի երիզ, որի վրա գրված էր էպիկուրյանների վաղեմի խոսքը՝ Dum vivimus, vivamus։ Հազիվ թե ճշմարիտ էր ֆրաու Ֆոգելզանգը, հավանորեն տունը կառուցված էր իբրև օթևան 20 այն վաղեմի առևտրականների, որոնք արևելքից ուղևորվում էին դեպի Ռևել։

Դորպատում այդ պանդոկից ավելի նշանավոր էր ինքը՝ ֆրաու Ֆոգելզանգը։ Նույնիսկ դժվար է ասել, թե արդյո՞ք այդքան անվանի կլիներ պանդոկը, եթե նրա տիրուհին չլիներ ֆրաու Ֆոգելզանգը, որը ոչ միայն գարեջուր և մեղրագինի էր վաճառում Մայր ճեմարանի սաներին, այլ հենց ինքն էր մի գթառատ մայր, մի մեծ մայր, որի գրկի մեջ սնվում և զվարճանում էր անհոգ երիտասարդությունը։ Նա գիտեր բոլոր ուսանողներին՝ նրանց բնակարանը, քանի որ ֆրաու Ֆոգելզանգն 30 նրանց համար բնակարան վարձում, և նրա միջնորդությունն էին հայցում տնատերերը, երբ կենվորն ուշացնում էր բնակարանի վարձը, և կամ այնպիսի խռովահույզ կյանք էր վարում, որ տնատերերը սկսում էին երկյուղել իրենց դեռահաս աղջիկների համար, որոնք հասունանում էին, ինչպես կաքավի ձագերն արծվի հարևանությամբ։