Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/276

Այս էջը հաստատված է


սպիտակ գոգնոցով և անարատ գլխաշորով, նրա հետևից ծերունի նավավարներ, որոնք կերակրվում էին ուսանողների խնջույքի մնացորդներով,-և ետևի դռնով դեպի նավակներն էին տանում նրանց անզգա մարմինները, որ ծանր բեռ էին ծերունիների համար։ Եվ գիշերային խավարի մեջ դեպի վեր լողում էին նավակները, որոնց մեջ, ինչպես մեռած կոճղ, ընկած էին հարբած ուսանողները։ Չէր լսվում ոչ մի աղմուկ, միայն ճղփում էին նավակները, ցռուկների վրա օրորվում էին լապտերները, և թվում էր, թե Աքերոնի գետով 10 այդ նավակները լողում են դեպի մահվան թագավորությունը։

Իսկ այդ պանդոկից որքան հիշողություններ էր տանում «ակադեմիական քաղաքացին», երբ ընդմիշտ հեռանում էր Դորպատից։ Ինչպե՞ս նկարագրել հրաժեշտի ժամը, երբ ընկերները հավաքվել են վերջին խնջույքին, երբ այնքան են երգել, որ այլևս ձայն չի մնացել, որպեսզի երգեն վերջին երգը՝ «Երբեմն ես ունեի մի աննման հայրենիք», այն երգը, որ տարիներ հետո, ցուրտ մենակության մեջ պիտի երգեր Դորպատի նախկին սանը և նրա աչքերի առաջ, իբրև ծուխ, պիտի հառներ հրաժեշտի խնջույքը․․․ Բայց ահա ոգու վերջին 20 արիությամբ երգում են նաև այդ երգը, և ճանապարհվողը մոտենում է ֆրաու Ֆոգելզանգին... Ինչպե՜ս է լաց լինում այդ կինը, ինչպե՜ս են ցնցվում նրա ծանր ուսերը, ի՜նչ խոշոր արցունքներ են գլորվում նրա թորշոմած այտերով, ինչպե՜ս է գրկում իր սանիկին, սեղմում է կրծքին, և դողում են նրա մսոտ շրթունքները, ոչինչ չի կարողանում ասել և միայն լալիս է, ինչպես մայրը, որի գրկից բարբարոսները խլում են նրա զավակին, և մորը մնում է միայն արցունքի միջից նայել հեռացող որդուն։

4

30 Այդպես էր այդ պանդոկը և նրա նշանավոր տիրուհին, որի ներքնահարկը Մայր ճեմարանի անհրաժեշտ մասն էր, մի ասպարեզ, որտեղ երիտասարդը ձեռք էր բերում գիտելիքներ, որ կյանքում նրան հաճախ էին պետք լինում, քան տեսական բանասիրությունը, ճարտասանությունը, աստվածաբանական բարոյախոսությունը, ուսումն սուրբ գրոցը և