Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/278

Այս էջը հաստատված է

վիսլայի կամուրջի և ոչ ասիական խոլերի մասին, այլ պատրաստվում էին «գինեմարտելու»․ սեղանի երկու ծայրում կապույտ բոցով արդեն վառվում էր մեղրագինու փունջը, սեկունդանտները ստուգել էին այրվող փունջի համը. մեկ, երկու և երրորդ նշանին կողմերը պիտի մինչև վերջ խմեին գավաթները,- երբ հանկարծ դռներն աղմկեցին և դռների մեջ երևաց սև թիկնոցով մի մարդ։

Պանդոկը թնդաց աղաղակներից։ Ուսանողներից մեկը, որ 10 արդեն օրորվում էր և առաջին թեկնածուն էր լողալու մոռացության գետով, գավաթը ձեռքին կանչեց.

«Մահվան դատապարտվածները ողջունում են արքային»։

«Արքան» Թոմաս Բրյուլլն էր՝ «սև եղբայրների» ավագը։

Նա մի պահ ետ նայեց և իջավ սանդուղքով։ Նրա ետևից ներս մտան չորս հոգի, որոնք առաջինի նման ունեին սև թիկնոց, գլուխներին՝ գերմանական բերետներ և ցածր ճտքով սապոգներ, որ պարուրում էին նեղ տաբատի եզրը։

Թոմաս Բրյուլլը ողջունեց, բարձրացնելով աջ բազուկը։ Մի քանի «ֆուքս» մի անգամից ոտքի կանգնեցին, նրան առաջարկելով իրենց աթոռները։ «Սև եղբայրների» ավագը մոտեցավ 20 մի բազմամարդ սեղանի, մյուսներն էլ միացրին սեղանները, և ստացվեց այնպիսի մի սեղան, որի ծայրը չէր երևում ծխի մեջ։

Թոմասն իրար հետևից դատարկեց երկու գավաթ մեղրագինի։

- Աղբյուրներն անգամ ծարավ են, Թոմաս,- կանչեց նա, որ առաջինն էր նրան ողջունել։ Մյուսները ծիծաղեցին, որովհետև այդ ուսանողը Թոմասին հիշեցրեց հենց նրա խոսքը, որ խրախճանքի բորբոքված ժամին կրկնում էր Թոմաս Բրյուլը, և այդ խոսքերից հետո բերում էին նոր շշեր։

30 Թոմասն այս անգամ նոր նայեց երիտասարդին, որի երեսը վառվում էր բաց կարմիրով և որի աչքերի մեջ կար երեխայական ժպիտ, և դեմքն ուներ մանկական մի գրավչություն։

Թոմաս Բրյուլլը գլուխը խոնարհեց։

- Մեր Թոմասն ինչ-որ ուրիշ է այսօր...

- Բան է պատահել և մեզ չի ասում։

- Նրա հետ վերջերս լինում է մի ինչ-որ դանակ սրող․․․