Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/279

Այս էջը հաստատված է

- Ես նրան տեսել եմ։ Նա ապրում է հին զորանոցների մոտ։

- Իսկ ես Թոմասին երեկ տեսա հենց այն կողմերում։

Սեղանի շուրջ այդպես էին խոսում նրանք, որոնք դեռ գինով չէին։ Իսկ որոնք գինով էին, ուրախանալով «սև եղբայրների» ներկայությունից, արդեն բաց էին թողել սանձերը և խմում էին, շփոթելով գավաթները, գինին և գարեջուրը։ Սեղանի մի կողմը, ինչպես առաջին որոտ, հնչեց երգը՝ «Gaudeamus igitur» և հետզհետե ծավալվելով մեջ առավ բոլորին 10 և վերջին բառերը՝ «Nos habebit humus» այնպես ուժգին դղրդացին, որ ֆրաու Ֆոգելզանգին թվաց, թե գավաթներ փշրեցին։

- Հըմմ,.. ամեն ինչ հող կդառնա,- լռության մեջ ասաց Թոմասը, թարգմանելով երգի վերջը։

Նա ոտքի կանգնեց։

- Burschen- և բոլորը լռեցին։ Թոմասը գլուխը թափահարեց և մազերը ծփացին ուսերի վրա։- Ես ձեզ հիմա այնպիսի խոսք կասեմ, որ երբեք չեմ ասել։ Ես ձեր եղբայրն եմ և, եթե սեղանի շուրջը նստած են հայրենակիցներ, որոնց 20 նոր ենք մկրտել, բայց և նստած են ընկերներ, որոնց հետ շատ տարիներ զվարճացել ենք և դժվար փորձություններից ենք անցել։ Մենք բոլորս եղբայրներ ենք, մի մոր հարազատ սաներ... Բայց ահա լսեցեք, թե ես ի′նչ եմ մտածել, և ասեք, ճշմարի՞տ եմ, թե՞ սուտ են իմ խոսքերը։ Իսկ ես այն եմ ասում, որ մենք բոլորս սխալ ճանապարհի վրա ենք...

Եվ շունչը պահեց մի րոպե, սուր աչքերով նայեց բոլորի աչքերին և այնտեղ կարդաց և′ տարակուսանք, և′ հետաքրքրություն, և′ զարմանք, նաև ոչինչ չկարդաց, որովհետև կային գինու ոգուց թմրած աչքեր, որոնք արդեն ննջում էին։

30 Իսկ ինչո՞վ ենք սխալ ճանապարհի վրա։ Որովհետև մենք մեր օրերն անց ենք կացնում գինարբուքով, երբեմն սուսերամարտում ենք, երբեմն արշավում ենք ձիերով, երբեմն աստվածաբանություն ենք սովորում, և այսպես կորչում է մեր երիտասարդությունը, մեր ժամանակը և կորչում ենք մենք։ Մեզ հարկավոր չի այդպիսի կյանք։