Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/28

Այս էջը հաստատված է

- Լա՛վ, հերիք է, գուցե էն չէր, խմելու ջուր էր։

- Ի՞նչ ես ասում, էնպես խմելու ջուր կլինի՞։ Էս էլ իմ պատվի տե՞ղն էր։ Երեխեքս վեր թռան...

- Դե չիմացա՛վ, մեր տեղին ծանոթ չի, Ամերիկայից է եկել...

- է լա՜վ, էդ անտեր երկրում բա կտուրով տուն չկա՞․․․

Խնդրին վերջնական լուծում տվին այն արծաթները, որ Անթանոսյանի բռի մեջ իջան սանդուղքով և դրնգոցով թափվեցին գյուղացու բուռը, որպես երկնքից իջած աստղեր։

10 Ահա այդ դիպվածն էր, որ ընդհատեց նրանց քաղցր զրույցը։ Ասվում է ընդհատեց, քանի որ խաղաղություն տիրելուց հետո, Հաջի Խարաբ գյուղում, խղճուկ մի կտուրի վրա, երկու փղշտացիների զրույցը նորից ծայր առավ։

Լուսաբացը այսպիսի պատկեր տեսավ։ Անթանոսյանը պառկել էր գետնին, մեջքի վրա, դեմքին՝ երանության ժպիտ։ Ընթերցո՛ղ, մանուկ ժամանակ սպանե՞լ եք գորտ ու տեսե՞լ եք, թե ինչպես գորտը դառնում է մեջքին, ոտքերով չանչ անում, ասես գանգատվում է երկնքին։ Այդպես պառկել էր Անթանոսյանը, սակայն ոչ ոքի գանգատ չէր անում։ Թախտի վրա Հովնաթան 20 Մարչն էր պառկել, ձեռքը գլխի տակ, երեսը դեպի հեռու մշուշի մեջ երևացող տափարակը։

Այդպես քնել էին խաղաղ ու անխռով երկու փղշտացի։

Եվ էին նրանք անձինք նվիրյալք սիրույն Արմենիո...

4

Այդ օրը պատարագիչ Արիստակես եպիսկոպոսը, երբ երեսը դեպի աղոթողները դարձրեց և սկիհը բարձրացնելով ասաց՝

- Առե՜ք կերեք, այս է մարմին իմ,- մյուսների հետ մոտեցավ և Հովնաթան Մարչը, ուտելու այն մարմինը, որ ամփոփված էր եպիսկոպոսի ձեռքին բռնած անոթի մեջ։ Եվ երբ30

սրբազանի մատները շոյեցին նրա լնդերքը, բերանում գինու համ զգաց, Հովնաթան Մարչի երակներում արյունը խաղաց, որպես եռման հասած ջուր։ Երջանկության գագաթնակետն էր նրա համար։