Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/283

Այս էջը հաստատված է

5

Իսկ Քարե կամուրջի մոտ կանոնավոր ճակատամարտ էր։ Օրը կիրակի էր, և զբոսնելու էին դուրս եկել ոչ միայն «ակադեմիական քաղաքացիները», այլև մյուս քաղաքացիները, որոնց մի խումբ, մեծ մասամբ ռուս վաճառականներ, հարբած վիճակում, կամուրջից ոչ հեռու, հանդիպել էին չորս Ուսանողի և ոչ միայն կտրել էին ամբողջ մայթը, փակելով երթևեկությունը, այլև նրանցից մեկն ուսանող Ստեֆան Գյունտերին մայթից հրել էր և անվանել «լեհական մռութ»։ 10 Եվ այդ կայծից բռնկվել էր հրդեհը, և արդեն վաղուց Ստեֆան Գյունտերին, որ առաջինը քաշեց սուսերը, ընկերները տարել էին տուն արյունլվա վիճակում, արդեն հարբած բառաչում էր այն ռուս վաճառականը, որի աչքերի առաջ երբեմն մթնում էր, երբեմն լուսանում, և նա տեսնում էր անկապ պատկերներ և զգում էր, որ իրենը չէին ո′չ ոտքերը, ո′չ ձեռքերը։ Հարբած բառաչում էր այդ վաճառականը, որի ընկերները ծանր բռունցքներով դիմավորել էին առաջին ուսանողներին, որոնք օգնության էին հասել զբոսավայրերից՝ թողնելով կիթառները և աղջիկներին։

20 Վաճառականներն ևս օգնություն ստացան. գետի մյուս ափից մի ահագին բազմություն՝ կոշկակարների, ներկարարների, կաշեգործների, օղետան սպասավորների և ինվալիդ զինվորների, որոնք օղետներումն էին,- մի ահագին բազմություն՝ «ուղղափառներ, մերոնց ծեծում են» բղավելով, վազեցին դեպի կամուրջը՝ ցախավելներով, երկար ցուպերով և նույնիսկ մի պայտար վերցրեց այն պարանը, որով նա կապում էր անհանգիստ ձիու մռութը,- սակայն, տեսնելով ուսանողների խմբերը, որ հենց այդ րոպեին զանազան փողոցներով վազում էին դեպի Քարե կամուրջը,- տեսնելով այդ, 30 պայտարը պարանով կապեց մի ռուս մահուդավաճառի, որին ընկերները դրել էին դրոգի վրա, նրան մի կերպ ազատելով ոտնակոխ լինելուց։ Այնինչ մահուդավաճառը գազազած ուզում էր դուրս պրծնել ընկերների ձեռքից և նորից նետվել այն բազմության մեջ, որտեղից լսվում էին խուլ տնքոցներ, գոռոց, հայհոյանք։ «Բաց թողեք ինձ, բաց թողեք,