Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/285

Այս էջը հաստատված է


Բազուկները, ոտքերը, մինչև անգամ հաստ գլուխը, որով նա պոզահարում է այնքան գազազած, որ եթե հակառակորդը չթեքվի, այդ հարվածը պիտի փշրի նրա կրծոսկրը։ «Կատաղեցե′ք, ավելի կատաղեցրեք», բղավեց Թոմասը և բազմությունը ճեղքելով, մոտեցավ մսավաճառին։ Ապա ընտրելով հարմար վայրկյան, հետևից այնպես զարկեց նրա ոտքերին, որ մսավաճառի ծնկները ծալվեցին և նա փլվեց, ինչպես խարխուլ պատը, որի տակից քաշել են հիմնաքարը։

«Ոստիկանները, տղերք»,- կանչեց մի ուսանող, որ բարձրացել 10 էր գերանների վրա։ Իրար հետևից լսվեցին սուլոցներ։ Կամուրջի գլխին երևացին ձիավոր ոստիկանները։ Նրանք գալիս էին մյուս ափից և, որպեսզի հասնեին հրապարակը, պիտի ճեղքեին վաճառականների և արհեստավորների պատնեշը։ «Մերոնց ծեծում են», լալահառաչ ասաց երկար մորուսով մի մարդ, բռնելով առաջին ձիու սանձը։ Նա կռվին չէր մասնակցել, այլ միայն արձակել էր այնպիսի ձայներ, որոնցով որսորդը «քիս» է տալիս շներին։ «Հեռու քաշվիր, քավթառ»,- և ձիավոր ոստիկանը բարձրացրեց մտրակը։ Երկար մորուսով մարդը վազեց դեպի վախմիստրը, բայց այդ վայրկյանին 20 դեպի ձիավոր ոստիկանները թռան աղյուսի կտորներ։

- Pereat,- որոտաց մի ձայն գերանների ետևից։

Մի ձի ծառս եղավ, և նրա ոտքին դիպավ այն աղյուսը, որ նետողը նշան էր բռնել ձիավորի կրծքին։ Ձին հանկարծ ընկավ, ձիավորին թամքից գլորելով։ «Թրերը պատրա՜ստ», գոռաց վախմիստրը և ձին խթանեց։ Բայց այդ ժամանակ ուսանողները առաջ հրեցին հակառակորդներին, որոնք մնացին ձիավորների և ուսանողների արանքում։ Ոմանք անցան ցանկապատի մյուս կողմը և կախվեցին վանդակներից։ Գերանների հետևից սաստկացավ աղյուսների տարափը։ Ձիերը ետ 30 քաշվեցին։ Ուսանողները նոր թափով սեղմեցին հակառակորդին, և բազմությունն ալիք-ալիք ետ նահանջեց կամուրջով, իրեն հետ տանելով նաև ձիավորներին։ Վախմիստրը շրջեց ձիու գլուխը և անհայտացավ։