Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/293

Այս էջը հաստատված է

դիտողություններով ռուսների մասին, օրինակ, երբ հիշատակեց Քարե կամուրջը, նա, դառնալով տիկին Պարրոտին, ասաց. «Ես ձեզ չեմ պատմել, թե ինչպես իմ Գերմանը հենց երեկ Քարե կամուրջի վրա կռվել է ռուս կառապանի հետ... Ճշմարիտ որ կռվել է, միայն, իհարկե, ոչ ինչպես խեղճ երիտասարդները... իսկ մեղավորը՝ ռուս կառապանն է։ Նրա ձին կամուրջի վրա ընկնում է, և փոխանակ օգնելու խեղճ կենդանուն, հիմար ռուսն սկսում է ծեծել նրան և ինչպե՞ս՝ սապոգներով...10 Այդ ժամանակ իմ Գերմանը չի համբերում և սկսում է կառապանին հանդիմանել...),- տիկինը դեռ չէր ավարտել պատմելը, երբ դիմացի սենյակի դուռը բացվեց, և դուրս եկավ մի ալեհեր մարդ՝ կապույտ մունդիրով և կարճ թրով, որի կոթից կախված էին կարմիր ժապավեն և ոսկեկար ծոպեր։ Նա արդեն ալեհեր էր, և ծերությունից նրա մեջքը կռացել էր։ Նրա հետևից դուրս եկավ ռեկտորը՝ «հերր պրոֆեսոր» Ֆրիդրիխ Պարրոտը, նիհար և ցամաք երեսով մի կարճահասակ մարդ։

- Էվստարխ Իվանիչ, գուցե չմերժեիք մի փոքր հանգստանալու մեր համեստ սեղանի շուրջը՝ ի վարձատրություն մեր հոգնության,- ծերունուն դիմեց Պարրոտը։

20 - Որքան էլ հաճելի է ներկայությունը տիկինների և քաղցր է ձեր հրավերը, բայց ես ստիպված եմ պատժել ինձ, զրկելով այդ հաճույքից,- և ծերունին, փափուկ սապոգներն իրար զարկեց ինչպես հին ասպետ, և մեղմ զրնգացին նրա սապոգների խթանները։- Նաև ձեզ հայտնի է, Ֆրիդրիխ Գեորգեվիչ, իմ պաշտոնի խստապահանջությունը, եթե ոչ՝ մեծավ ուրախությամբ,- և նա ծիծաղեց չոր ու կեղծ ծիծաղով, որ փոխվեց հազի՝ անախորժ և նույնքան չոր։

- Միայն մի գավաթ իսկական ռեյնվեյն, էվստարխ Իվանիչ։ Խնդրում եմ չմերժել,- և տիկին Պարրոտը մոտեցավ պահարանին։

- Մերժել հարգելի տիկնոջ հրավերը՝ այդ արդեն չեմ կարող։ Սակայն eine Minute, շատ եմ խնդրում,- և ծերունին թեթև հազաց, կոկորդը մաքրելով հռենոսյան գինու համար։

- Թույլ տվեք ներկայացնել Ձեզ իմ Liebling-ին... Հերր դիակոնուս Աբովյան, որի մասին անշուշտ լսել եք։