Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/296

Այս էջը հաստատված է

քաղաքում։ Հավատացնում եմ, կասի և կավելացնի այնպիսի բաներ, որ կատարյալ անախորժություն կլինի Ձեզ համար, նաև համալսարանի համար, որն այսպիսով կարող է զրկվել Ձեր այնքան օգտակար բարեկամությունից»։

«Հերր պրոֆեսորը» միանգամից էր խառնել ծերունու բոլոր հաշիվները։ Ռեկտորի ասածն այնքան ճշմարտանման էր, որ Կրուչինսկուն մի վայրկյան թվաց, թե այդ բոլորն արդեն կատարվել է, թե գեներալ-նահանգապետից արդեն ստացվել է այդ գրությունը, և օր ծերության պաշտոնանկ լինելով, նա 10 թողնում է Դորպատը։ Սառը քրտինք երևաց նրա ճակատին, և թաշկինակը ճակատին սեղմելով՝ նա շշնջաց. «Դուք իրավացի եք, Ֆրիդրիխ Գեորգևիչ, միանգամայն իրավացի եք... Սատանան ինչի հետ ասես, որ չի խաղա... Եվ ինչ լավ է, որ չեմ գրել ռապորտը։ Հավատացնում եմ, որ մի քանի անգամ կանչեցի քարտուղարին, որպեսզի թելադրեմ։ Բայց ինչ-որ ձայն ինձ ասում էր, թե գնա Ֆրիդրիխ Գեորգևիչի մոտ, նրա հետ խոսիր և ապա նոր...Ինչպե՞ս ասեմ։ Նու, կարծեք թե ես ուզում էի նստել աթոռի վրա և, կարծեք, ամեն անգամ աթոռի միջից, համարձակվում եմ ասել, ցցվում էր մի սուր բան և չէր 20 թողնում նստեմ... Շնորհակալ եմ, մեծապես շնորհակալ եմ... Ախր ես (և այդ խոսքի վրա նա ճակատին ձեռքով այնպես էր խփել, որ հարևան սենյակում լսել էին այդ ձայնը, և տիկին Պարրոտը մոտեցել էր դռանը), ախր ես կարող եմ ասել, հիմար եմ։ Եվ որտեղի՞ց ինձ խելք... Եվ առհասարակ ո՞վ է խելք տվել ռուսներին։ Մեր բանն է աջ-ձախ կրակել, ջարդել, թափել։ Աստված մեզ խելք չի տվել, և այդպես էր ասում նաև իմ հանգուցյալ հայրը, թե Աստված խելք է տվել միայն գերմանացիներին...»։ Այդպես նա երկար պիտի խոսեր, եթե նրան չընդհատեր պրոֆեսորը և չառաջարկեր, 30 թե այնուամենայնիվ հարկավոր է «մի բան անել»։ Եվ համաձայնեցին, որ պոլիցեյմեյստերն այդ օրվա պատահարի մասին տեղեկացնում է միայն իբրև պարզ անկարգություն և պատժում է առևտրականներից հանցավորներին («Ես նրանց եղջյուրի նման կծռեմ»,- կանչել էր Կրուչինսկին),- իսկ համալսարանի տրիբունալը կպատժի հանցավոր ուսանողներին և այդպիսով կվերջանա պատմությունը։