Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/297

Այս էջը հաստատված է

- Դե արդեն ժամանակն է ճանաչելու պատիվը...- և ծերունի Կրուչինսկին դատարկեց չորրորդ գավաթը։ Նրա ցամաք երեսը գինուց առույգացավ, և կայտառացան աչքերը, որոնց մեջ մինչ այդ կար մեռելային սառնություն։- Իսկ գինու մասին, կարող եմ ասել, որ արքայական գինի է։ Հռենոսյան վարդաջուր, տիկին, կատարյալ և առաքինի գինի։ Այնպես չի՞, տիկին,- դարձավ նա տիկին էլոիզին, որը ոչ գինու համն էր ճաշակել և ոչ լսում էր պոլիցեյմեյստերին, 10 այլ ասեղնագործում էր, մատներն արագ շարժելով, կարծես խաղում էր կլավիրի վրա։

- Այո, գինին անարատ է,- պատասխանեց Արմենիերը, նկատելով, որ տիկին էլոիզը հանկարծակիի եկավ և կարմրեց։

- Եվ այլևս ոչ մի կարծիք։ Այս կարծիքից հետո մենք լռում ենք, Ֆրիդրիխ Գեորգևիչ։ Մենք լռում ենք, երբ խոսում է Արարատի որդին և, կարող եմ ասել, Նոյի երկրից։ Շատ ուրախ եմ, որ այսօր ես բախտ ունեցա սեղմելու Ձեր ձեռքը, պարոն Օբովյանով, և կարող եմ ասել, որ երիտասարդը ուղիղ ճանապարհի վրա է շնորհիվ Ձեզ, ամենահարգելի Ֆրիդրիխ Գեորգևիչ, և նաև ես, որ իմ բարերարն եք,- ուրեմն թույլ տվեք խոնարհվել և auf 20 Wiedersehen, տիկին, որին ես պատիվ ունեցա ծանոթանալու ի շնորհիվ Ձեզ, թանկագին Ֆրիդրիխ Գեորգևիչ, և ներողություն, մեծ ներողություն... Ես արդեն ծեր եմ, իսկ այս գինին կատարյալ է, իսկական սոլբլիմենցիա...

Կրուչինսկին երկրորդ անգամ թոթվեց տիկին Պարրոտի ձեռքը, սեղմեց նաև տիկին էլոիզի բարակ մատները և համբուրեց՝ մի քանի անգամ կրկնելով՝ «Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ», որ կարելի էր հասկանալ և իբրև ուրախություն անցկացրած երեկոյի համար, և ուրախություն, որ նրա դողացող մատները հպել են տիկին էլոիզի փափուկ ձեռքին։

30 - Այժմ հնություն, դեպի գործ, դեպի գործ... Կարող եմ ասել,- բայց այս անգամ այլևս ոչինչ չասաց, այլ միայն աղմկելով թրով և սապոգների խթաններով՝ քայլեց դեպի դուռը։ Կանայք լսեցին նրա ձայնը նախասենյակից.

- Ոչ մի դեպքում... ոչ մի դեպքում այդպիսի գռեհկություն։ Դուք իմ հովանավորն եք, Ֆրիդրիխ Գեորգևիչ, իսկ այս