Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/300

Այս էջը հաստատված է

խեղճ մարդու կապերը։ Բուրդը քրթմնջաց, բայց հանեց ահագին խանչայը և կտրտելով կապերը, կանչեց. «Այս աղաների ղուլն ես, մունդառ...»։ Ամբողջ ճանապարհին նրանք խոսում էին այն մասին, թե քուրդը նորից չի՞ կապկպի այն մարդուն։ Նրանք որոշել էին վերադառնալ նույն ճանապարհով և ստուգել, բայց երբ վերադարձան, ոչ վրանները կային և ոչ ոչխարի հոտերը, այլ մնում էին միայն օջախի քարերը, մոխրակույտը և հողի մեջ խրված այն սեպը, որից կապկպել էին մարդուն։

10 - Իսկ ինչի՞ համար էին պատժել նրան։

- Նրանց գլխավորն ասաց, որ իբրև թե նա վրանից յուղ է գողացել։

-Ինչ խիստ են պատժում ձեր հայրենիքում,- ասաց տիկին Պարրոտը։

- Ասիան ավելի խիստ պատիժներ գիտե։ Այնտեղ գողության համար ձեռք են կտրում, բողոքելու համար լեզու են կտրում, իսկ սուտ լուրի համար կտրում են ականջը։ Այդպես է Ասիան...

- Բայց ես լսել եմ, որ այդպես պատմում են նաև ռուսներն իրենց 20 ճորտերին,- առարկեց Արմենիերը։

- Իսկ ռուսների երկիրը ինչով Ասիա չի,- տխուր պատասխանեց Պարրոտը,- և մենք դեռ ինչքան պետք է աշխատենք, որպեսզի այդ երկիրը դառնա մեր հայրենիքի նման։ Լուսավորություն, ահա թե ինչն է պակասում ռուսներին։ Լուսավորություն, և այն ժամանակ այս վայրենի ժողովուրդը հրաշքներ կգործի։

- Իսկ մինչ այդ նրանք պիտի ծեծե՞ն խեղճ երիտասարդներին,- կծու ասաց տիկին էլոիզը։

- Պետք է ասեմ, որ մերոնք էլ պակաս հանցավոր չեն։

30 - Նրանք միայն պաշտպանվել են։

-Երանի այդպես լիներ... Ես միշտ ասել եմ, որ ֆրաու Ֆոգելզանգի պանդոկը բարի վախճանի չի հասցնի,- և պրոֆեսորը նայեց յուր սանին այնպես, կարծես այդ խոսքերով նրան խրատում էր զգուշանալ այդ պանդոկից։- Գինին և ճշմարիտ գիտությունն իրար թշնամի են։