Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/302

Այս էջը հաստատված է


- Ես նրան միայն ցույց կտամ Գերմանին՝ իբրև կենդանի ապացույց, որ նրան ոչինչ չի պատահել,- և տիկին էլոիզը ծիծաղեց, ձգեց իրանը, նրա թավշե զգեստը ծալ-ծալ ծփաց, ինչպես կատվի մորթին, երբ տաք անկողնում զարթնում է կատուն։

Նրանք բարի գիշեր ասացին և հեռացան։ Պրոֆեսորը սանդուղքի գլխին պահեց լապտերը, մինչև նրանք դուրս եկան փողոց։

Դուրսը մութ էր, և մարդաձայն չէր լսվում։

10 - Երկար նստեցինք,- և տիկինը դանդաղեցրեց քայլերը։ Նրանք լուռ գնում էին կողք֊կողքի։

- Դուք չե՞ք մրսում... Սառն է օդը։

- Ես ցուրտ չեմ զգում։

- Երիտասարդ եք և եռում է ձեր արյունը, իսկ ե՞ս- և նրա ձայնը դողաց։ Տիկին էլոիզը յոթ տարով մեծ էր Արմենիերից, սակայն նա խնամքով էր պահել իրեն և տարիքից ավելի երիտասարդ էր։

- Դուք դարձյա՞լ զայրացած եք։

- Այն ծերունու վրա՝ այո′։

20 - Իսկ ի՞նչ էր պատահել դուրսը։

Արմենիերը պատմեց և ավելացրեց.

- Ինչպե՞ս կարելի է... չէ՞ որ նա էլ մարդ է։ Եվ ես գիտեմ, որ այն թշվառին երևի ավելի սաստիկ է պատժել, երբ հասել են պոլիցեյհաուզ։ Նա ինքն արդեն սպառնաց։

- Բարի է ձեր սիրտը, իմ բարեկամ, և թող միշտ այդպես մնա,- և մթնում տիկինը սեղմեց նրա ձեռքը, ապա թուլացրեց և զգաց, որ ուղեկիցն այլևս չի թողնում այդ տաք և քնքուշ ձեռքը։

Նրանք այդպես լուռ գնացին՝ ջերմ անրջանքի մեջ, և 30 տիկինը միայն մտածում էր, որ չանցնեն իրենց տնակը, որովհետև երբեմն նրան թվում էր, թե ոչ թե քայլում են մութ փողոցով, ուր խավարի մեջ ուրվագծվում էին տները՝ սրածայր կտուրներով, փակ դարպասները և ծառերը, որ դեռ մերկ էին, և նոր էին ուռչում բողբոջները,- տիկին էլոիզին թվում էր, թե քայլում են մի անսահման դաշտով, որտեղ ոչ