Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/31

Այս էջը հաստատված է

կապելուց հետո, վճռականորեն մոտեցավ կտուրի ծայրին որպես լուսնոտ մի մարդ, որ թևերը ձգելու է վեր և իջնելու կտուրից։

Շունը մռռաց։ Մարչը հետ նահանջեց, և նահանջելու հետ միասին աչքին շատ պարզ երևաց Հաջի Խարաբ գյուղը, հողաշեն տները, անկարգ փողոցները, բամբակի ու ցորենի արտերը և կտուրի կարասե ծխնելույզը։

Անթանոսյանն էլ զարթնեց, վեր թռավ և այնպիսի ժպիտով մոտեցավ նրան, ասես աչքն էլ չէր փակել և ամբողջ գիշեր ժպտացել էր10 ։

— Դիտո՞ւմ եք։ Հրաշալի՜ է,— ասաց նա։

Մարչը մռմռաց, որից երևաց այն, որ տեսարանը հրաշալի լինելով հանդերձ, նրա հաղթ մարմինը ուտել էր ուզում։ Եվ երբ շոֆերը ներքևից ձայն տվավ, որ թեյը պատրաստ է, Մարչը ժպտաց։

Ոչ ոք չլսեց, թե ի՞նչ խոսեցին Հովնաթան Մարչն ու Հաջի Խարաբ գյուղի ուսուցիչ Հմայակը տան ստվերում, այն ժամանակ, երբ շոֆերը մեքենայի փոշին էր սրբում, իսկ տան տերը հողուրագն էր սարքում։

— Ո՞ւր, վարժապետ,— հարցրեց տանտերը, երբ մի քիչ հետո 20 Անթանոսյանը նստեց ավտոմոբիլի մեջ։

— Նոր երկիր,— եղավ պատասխանը։ Գյուղացին ոչինչ չհասկացավ։ Եթե նա լսե՜ր, թե ի՞նչ խոսքեր ասացին իր հողաշեն խրճիթի ստվերում, այնտեղ, ուր հորթերն են պառկում։

Վանքի մայր դռնից ներս մտավ պարարտամարմին մի կին, սև վուալով: Կինը խաչակնքեց այնպես արագ, ասես մատերի ծայրին բամբակ կար, պուդրայի մեջ թաթախած։ Այդ արարից հետո վիզը թեքեց այնպիսի խեղճությամբ, կարծես ամենքին ասում էր.

— Ես եմ հոգով աղքատը, որի համար է կահավորած 30 երկնի արքայությունը։ Ես եմ կայծակից խանձված ծառ կանաչ պարտիզում։

Վեղարավորներից մեկը ետ նայեց պառավ եզի դանդաղկոտ շարժումով։ Հովնաթան Մարչը չիմացավ վեղարավորը բուրվառող սարկավագի՞ն խոնարհեց, թե՞ կնոջը ողջունեց։