Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/312

Այս էջը հաստատված է

- Վասիլ Սերգեյիչը՝ ռուս սարկավագը, ցնծության մեջ է... Արշինավորները վճռից դժգոհ են. նրանք սպառնում են բողոք ուղարկել Ռիգա։ Իսկ մերոնք վրդովված են և եթե մենք չսաստեինք, նրանք բոլորը կթափվեին այստեղ։ Քանի դու կալանավոր ես, այդքան ժամանակ լսարանում քո նստարանի վրա կդնեն եղևնյա պսակ, իսկ սուսերամարտի դահլիճում քո սուսերի վրայից կկախեն սև ժապավեն։ Նաև այն են ասում մերոնք, որ այսօրվանից ֆրաու Ֆոգելզանգի պանդոկում առաջին գավաթը 10 կբարձրացնեն հանուն քո և մեր եղբայրության... Ահա ինչ են ասում մերոնք։

- Միայն Օտտոկարը, որ դեռ նստած է պանդոկում,- Տիդելենի խոսքը շարունակեց Մորիցը,- մեզ բոլորիս անվանում է վախկոտ միանձնուհիներ։ Նա անվերջ գոռում է, թե քեզ պիտի կարցերից փախցնել և վրեժ լուծել...

- Անմիտ ծրագիր է,- տխուր ժպտաց Թոմասը,- «Արի գնանք Բոհեմիայի անտառները և ավազակ դառնանք, մի գաղափար, որ արժանի է աստվածարման․..»,- արտասանեց Թոմասը՝ հիշելով իր անկապ մտքերը, երբ պառկած նայում էր ճրագի թարթող ստվերին, չկարողանալով որոշել՝ 20 քնա՞ծ է, թե արթուն։

- Անմիտ ծրագիր է... բայց Օտտոկարն ըմբոստ է և բորբոքվելով մի օր կարող է ժայթքել։

- Ֆրաու Ֆոգելզանգն էլ գթառատ մայր է և նրան այնպիսի մեղրագինի կտա, որ աշխարհը շուռ կգա նրա գլխի մեջ, և ամեն ինչ կցնդի գինու գոլորշու հետ։

- Եվ վատ կլինի, Մորից... Իսկ գիտե՞ս ինչ կաներ Օտտոկարը, եթե այլ աստղի տակ ծնվեր, հիշո՞ւմ ես Կարլ Մոորն ինչ է ասում Շպիգելբերգին. «Օրենքը կրիայի քայլեր է անել տալիս այն մարդուն, 30 որ կարող էր թռչել արծվի պես. օրենքը երբեք մի մեծ մարդ չստեղծեց, մինչդեռ ազատությունը հսկաներ է առաջ բերում և դյուցազուններ... Տուր մի գունդ ինձ նման կտրիճներ, և Գերմանիան կդառնա մի հասարակապետություն, որի առջև կուսանաց վանքեր կթվան Հռոմն ու Սպարտան...»։ Օ՜, Մորից, ահա այդ կտրիճներից է Օտտոկարը, և հարկավոր չի, որ ֆրաու Ֆոգելզանգի մեղրագինին թմրեցնի նրա ըմբոստ հոգին...