Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/316

Այս էջը հաստատված է

- Ինձ ոչ ոք չվիրավորեց, եղբայր Թոմաս... Ես հանկարծ մի բան հիշեցի... Եվ... ես անչափ ուրախ եմ, որ ձեզ հետ եմ։

- Այն ժամանակ կեր և խմիր,- ասաց Մորիցը։

- Մորից, երբ խոսում է Հռոմը, լռում է աշխարհը,- սաստեց Թոմասը, և բոլորը հասկացան, թե ներկաներից ով էր Հռոմը և ով աշխարհը,- Տիդելեն, լցրու գավաթները...

Տիդելենը գավաթները լցրեց։

- Եղբայրներ,- և Թոմասը բարձրացրեց գավաթը,- այս գավաթը դատարկենք մեր սիրելի Արմենիերի երջանկության։ 10 Նա ոչ ֆուքս է, ոչ բրենդեր և ոչ մեզ նման աստվածաբան կամ փիլիսոփա։ Բայց նա բարձր է մեզանից։ Որքան ես գիտեմ, նրա ժողովուրդն է misera contribuenS plebs[1], ինչպես Սպիտակ արջի բոլոր հպատակները... Եվ նա զավակն է այդ ժողովուրդի, առաջին արծիվը, որ Արարատի երկրից թռել է այսքան հեռու։ Նրա համար իր հայրենիքի ծուխը պայծառ է օտար երկրի կրակից... Սիրելի Արմենիեր,- և Թոմասը նրա կողմը թեքեց իր գեղեցիկ գլուխը,- իմացիր, որ մենք դժբախտներին սովորեցնում ենք արյունով և քրտինքով հասնել ազատության և թող շատերից վախենա նա, ումնից շատերն են վախենում։ Քո 20 հայրենիքում ևս կատարվում են բռնություններ, ինչպես ամեն տեղ Ռուսիայում... Ահա մենք այստեղ խնջույքի ենք, բայց Պոլոնիայում հոսում է ապստամբների արյունը, իսկ ցուրտ Սիբիրիայում սառչում են առաջին ըմբոստները։ Արիասիրտ եղիր․ ամեն սկիզբ դժվար է, բայց հավատա, որ սաստիկ ձգված աղեղը մի օր կտրաքվի, և այն ժամանակ սուրբ է նա, ով կռվել է իր հայրենիքի համար՝ քրտինքով և արյունով։ Mensch, bezahle deine Schulden[2],- ասել է Վեյմարի իմաստունը։ Այժմ հասել են այդ ժամանակները... Արիասիրտ եղիր, Արմենիեր։

30 Եվ Թոմասը մի ումպով դատարկեց գավաթը։

- Pro patria[3],- և Տիդելենը դատարկեց գավաթը։

  1. Թշվառ և հարկատու ռամիկներ։
  2. Գյոթեի խոսքը՝ «Ով մարդ, կատարիր քո պարտականությունները։
  3. Հանուն հայրենիքի։