Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/318

Այս էջը հաստատված է

տասը տարեկան և այդպիսի մոնթ էի, ծնողներից հեռու, ինչպես գերի տարած երեխա։ Գիշերները ծածուկ լաց էի լինում և կարոտում էի մեր հողե տնակը, իմ սուրբ մորը։ Մի գիշեր ես պետք է կարդայի Դավթի սաղմոսները։ Իմ ուսուցիչը քնելուց առաջ սիրում էր սաղմոս լսել։ Այդ օրը ես փայտ էի կրել և հոգնել էի։ Սկսեցի կարդալ, կապելով վանկերը և երգելով, ինչպես մեզ սովորեցրել էին կարդալ։ Հետզհետե քունը հաղթում էր իմ ուսուցչին, իսկ ես կռվի մեջ էի քնի հետ, բայց քունը գերեց ինձ, և ես միայն հիշում եմ այն մեծ մոմերը, 10 որ վառվում էին գրքակալի երկու կողմը։ Հանկարծ ահագին ցավից վեր թռա. ինձ թվաց, թե գլխիս հալած երկաթ թափեցին։ Գլուխս այրվում էր... Ես մի ծանր հարված զգացի մեջքիս և ընկա խսրի վրա։ Խավար էր և խավարի մեջ, ինչպես Երիքովյան փող, որոտում էր իմ ուսուցչի ձայնը։ Նա ինձ անիծում էր, գլուխս այրվում էր. զգում էի խանձված մազերի և այրած մսի հոտ։ Ամբողջ գիշերը լաց եղա, և երկու շաբաթ ցավը տանջում էր ինձ։ Հասկանո՞ւմ եք ինչ էր եղել, քնել էի, և իմ ուսուցիչը հանկարծ զարթնելով, քնիս մեջ ճակատիս էր խփել վառվող մոմը, և մազերս բռնկվել էին։ Տեսնո՞ւմ եք այս 20 սպին։

Արմենիերը խոսում էր՝ երբեմն դժվարանալով գտնել համապատասխան բառ, երբեմն սխալ արտասանելով։ Նա պատմում էր իր կյանքը գունեղ և զարմանալի հետաքրքիր՝ ինչպես արևելյան հեքիաթ։ Եվ խոսքի վերջում՝ բոլորովին անկեղծ և դողացող ձայնով նա իր եղբայրներին ասաց, որ ինքը հոգևոր կոչումի լինելով, պահում է հայ եկեղեցու ծեսը, ըստ որի այժմ ծոմ է, որովհետև մեծ պասն է, և շուտով կլինի Զատիկը։ Ահա թե ինչու նա բերանը չի առնում ոչ ձուկ, ոչ յուղահաց և ոչ երշիկ, այլ խմում է միայն մեղրագինի։ Նա 30 ասաց նաև, որ առանց այդ էլ իր հայրենիքում նրան արդեն համարում են հերետիկոս, ուստի ինքը պետք է անարատ պահի իրեն, ինչպես պատվիրել է նաև պարոն ռեկտորը և արդար հոգով վերադառնա հայրենիք։

- Իսկ դու հիմա կեր և խմիր... Այստեղ քեզ ոչ ոք չի լրտեսի,- ասաց Տիդելենը խղճահարված, որ ինքն արդեն