Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/321

Այս էջը հաստատված է

ծախում էր, գովելով ապրանքը և որտեղ դարբիններ, անիվագործներ, կոշկակարներ և այլ արհեստավորներ այնպիսի աղմուկ էին հանում, որ այդ աղմուկը և այլազգի ժխորը նրան մոռացնել էին տալիս Նովավոր աղբյուրի ձայնը և ընկուզենիների խշշոցը։

Բայց երբեմն այդ կարոտն այնքան էր նեղում նրան, որ չէր հանգստանում, լսելով հրապարակի աղմուկը կամ քրքրելով այն իրերը, որ հետն էր բերել։ Նաև չէր հանգստանում, երբ Պարրոտի տանը տեսնում էր Խորասանի այն խալին և զալյանը, որ նրանք միասին գնել էին Երևանի Չարսու բազարում։ 10 Ինչպես մայրը, երբ հանկարծ մտաբերում է մեռած որդուն, միայնակ լաց է լինում և թել մանում, ողբ է ասում՝ մաքրելով ցորենը, այնպես էլ նա գլուխը տետրակի վրա կախած արտագրում էր օրինակներ Երից կանոնի և ինքն իրեն դնդնում էր․

Շորորա, Շուշան, շորորա,
Շորորա, ծաղիկ, շորորա...

Երգում էր մեղմ ինչպես սայլապանը, որ լուսնյակ գիշերով ճանապարհ է ընկել, երկար գնացել է սարերով, ձորերով, և ահա սայլը խուլ աղմկում է գյուղի փափուկ դաշտում, հոգնած 20 օրորվում են եզները, արդեն մի կաքավ կանաչ սաղմոս է կարդում քարերի մեջ, և լուսաբացի հովը բերում է իրենց դեզի բույրը․․․ Երգ է երգում սայլապանը, այնքան մեղմ, որ հազիվ են լսում եզները և այնպես հստակ, ինչպես լուսաբացին կարդում է կաքավը։

Նա մեղմ երգում էր և աշխատում։ Եվ երգի միջից ինչպես ծուխ այդ կարոտը հետզհետե բարձրանում էր, պատում նրան, աչքերի առաջ շաղվում էին գրերը, հնչում էին այն հին ձայները, նանին կանչում էր․՝ «Խաչատուր, հե՜յ...», ինչպես տղա ժամանակ, երբ փախչում էր բաղը, իսկ նանին ղզլբաշ հարամիներից վախեցած՝ քարափի գլխից ձայն էր տալիս։

Այլ ի՜նչ գիրք, ի՜նչ Երից կանոն...

Այդ ձայները նրան կանչում էին քաղաքից դուրս, դեպի էմբախի գետափը, որտեղ ուռիները ստվեր էին արել ջրերի վրա և կամ դեպի Դոմբերգ, ուր աղմկում էին ծեր կաղնիները