Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/325

Այս էջը հաստատված է

արևով ողողված ճանապարհին, նա տեսավ երեք ձի, որոնք սլանում էին բարձրացնելով ձյունի փոշի, որ արևից փայլփլում էր արծաթի գույնով։ Զանգակների ձայնը հետզհետե հզորացավ։ Արդեն պարզ երևում էր կողքի ձին, որ պարանոցը կեռ պահած թռչում էր՝ խաղացնելով ոտքերը և ծածանելով երկար բաշը։ Ահա նրանք մոտեցան շլագբաումին. ծերունի պահապանն արդեն բարձրացրել է ուղեկալ գերանը, զգալով, որ միևնույն է, այդ ձիերը կանգ չեն առնելու և նույնիսկ կարող են թռչել գերանի վրայով... Ձիերը սլացան նրա մոտով ձյուն թափելով 10 նրա վրա։ Ձյունի փոշու մեջ հնչեց մի ծիծաղ՝ զվարթ, ինչպես զանգակների ձայնը։ Սահնակի մեջ նա նշմարեց կանացի մի դեմք՝ կապույտ աչքերով և այտերը բաց վարդագույն։ Հանկարծ այդ կինը ձեռքը օդում թափահարեց։ Կարծես քուրքի միջից կինը հանեց մի սպիտակ աղավնի, որ ձյունի փոշու մեջ թպրտաց և նորից մտավ տաք բունը։ Արմենիերը բարձրացրեց գլխարկը, վազեց սահնակի ետևից, բայց սահնակը քաղաք մտնելով, աներևույթացավ։

Նա գնում էր գլխաբաց, գլխարկը ձեռքին... Այդ փողոցները նրան օտար էին... Քաղաքի այդ մասում նա չէր եղել։ 20 Նա լսեց ուրիշ զանգակների ձայն և նայեց երկրորդ սահնակին։ Անցավ նաև երրորդը... Սակայն ոչ ոք չնայեց նրան, և այլևս չերևաց այն ցնորական տեսիլքը։

Նա ուշքի եկավ, գլխարկը ծածկեց և սկսեց հետաքրքրությամբ դիտել սահնակներին։ Իր կյանքում նա առաջին անգամ այդ օրն էր տեսնում սահնակը և նրա հիշողության մեջ առաջին սահնակը մնաց ինչպես զարմանալի հրաշք։

Հասավ զինվորական հիվանդանոցին։ Այդտեղից երևում էր գերմանական եկեղեցին, որից այն կողմ փողոցները նրան ծանոթ էին։ Հիվանդանոցի դարպասը բաց էր։ Բակում երևում 30 էին գլխաբաց զինվորներ, որոնցից մի քանիսը հենակներով էին։ Մեկի գլուխը փաթաթված էր դեղին շորով։

Մի ռուս կին դարպասի մոտ վաճառում էր արևածաղիկի բոված սերմեր։ Մի քանի զինվորներ նրան շրջապատել էին, և երևում էր, որ նրանք տատանվում էին՝ գնե՞լ, թե ոչ։ Գուցե թե նրանք կատակում էին կնոջ հետ, փարատելով իրենց ակամա ձանձրույթը։