Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/326

Այս էջը հաստատված է

Արմենիերը դիմացի մայթով տեսավ նրանց, տնտղեց գրպանները և անցավ մյուս մայթը։ Հիվանդ զինվորները նրան տեսնելով լռեցին և ետ քաշվեցին, իսկ կինն սկսեց գովել իր ապրանքը։ Արմենիերը նայեց զինվորներին և խղճահարվեց...

Նրանք դեղնած և նիհար երեսով մարդիկ էին։ Բոլորը մեծ միրուքով էին, մեկը ալեհեր էր, իսկ մյուսը երիտասարդ էր։ Սակայն բոլորի դեմքին դրոշմված էր ստրկության կնիքը։

- Որտեղացի՞ եք, հայրենակիցներ,- հարցրեց Արմենիերը։

10 - Հեռվից ենք, ձերդ բարեծննդություն,- պատասխանեց ալեհեր զինվորը, դժկամելով, որ ընդհատվեց իրենց զրույցը, նաև այն սառնությամբ, որ նշանակում է. «շարունակիր ճանապարհդ, բարին, ոչ մենք ենք քո հայրենակիցը և ոչ էլ քեզ է հետաքրքրում, թե մենք որտեղացի ենք»։

- Արևածաղիկ ուզու՞մ եք...

- Ինչու՞ չէ, կարելի է... Կարելի է ձերդ մեծություն,- և առաջինը մոտեցավ ալեհեր զինվորը, ապա մյուսների դեմքին ևս երևաց կես միամիտ, կես քծնող ժպիտ։

- Լազարեթում շա՞տ զինվոր կա։

20 - Ո՞վ գիտե... Մենք չգիտենք...

- Իսկ ձեր զինվորների մեջ հայ չկա՞...

- Հա՞յ,- և նրանք իրար երեսի նայեցին։- Կարելի է, որ լինի, ձերդ մեծություն, այստեղ ամեն ցեղից էլ կան, ով Դոնից է, ով Կալուգայից, մինչև անգամ Օրենբուրգից կա, և կարող է հայ էլ լինել... Ո՞վ գիտե։

Արմենիերի աչքերը փայլեցին։

- Ես ձեզ համար էլի արևածաղիկ կառնեմ... Տեսեք, եթե հայ կա, կանչեցեք դուրս։

- Կարելի է նաև առանց արևածաղկի,- ասաց ալեհեր 30 զինվորը։

- Դու քեզ համար պատասխանի, պառավ, ուրիշների հետ ի՞նչ գործ ունես,- զայրացավ ռուս կինը,- կարող է, որ նորին բարեծննդությունն ուզում է այսօր բարեգործություն անել։

- Իսկ խիղճ կա՞... թե՞ ոչ։ Քոնը միայն փողն է, լիրբ․․․- և դարձավ Արմենիերին,- կարելի է... Բայց հայն ինչպիսին է։ Մեզ մոտ ամեն ցեղից էլ կան, ով Դոնից է, ով...