Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/330

Այս էջը հաստատված է

գնայի, ցերեկը քնեի խոտերի մեջ, գիշերը մինչև լույս գնայի և հասնեի մեր սարերին, մեր գյուղը, ոչխարը սարը տանեի... Հիմա արդեն սարերը կանաչում են, ղարդաշ․․․»։

Արմենիերը Համզայի վիճակը թեթևացնելու համար դիմել էր Պարրոտի միջնորդության։ Պրոֆեսորը սառը պատասխանել էր.

- Ավելորդ է դիմել մայոր Տերյոխինին։ Նա գազան է, և հետևանքը կարող է լինել այն, որ ձեր երկրացու վիճակն ավելի կծանրանա...

10

13

Սենյակում մոմերը վառվում էին, դեղնավուն լույսի հետ սփռելով խաղաղություն։ Իրերն ընկղմվել էին կիսաստվերների մեջ. միայն պատից կախված նկարի ապակին էր իր մեջ հավաքել շողերը և արտացոլում էր, հիշեցնելով մի նեղ պատուհան, որից ներս է ընկել աստղալույսը։ Խաղաղ էր նաև փողոցը, որտեղից երբեմն միայն լսվում էր մի անհայտ անցորդի ոտնաձայն։

Տիկին էլոիզը նայում էր պատուհանի կողմը։ Երբ դրսում հետզհետե հանգչում էին ոտնաձայները, սենյակում լռությունն 20 ավելի էր թանձրանում, և լսվում էր մոմերի ճարճատյունը, կարծես մեկը գիրք էր թերթում։ Իսկ երբ անցնում էր քամին, մոմերի բոցերը մեկ ձգվում էին, մեկ ծալվելով նստում։ Պատուհանի վարագույրները խաղում էին, և տիկին էլոիզին թվում էր, թե մեկը դրսից իրեն է նայում։

Նա մոտեցավ կլավիրին։ Ստեղների ուրախ հնչյուններից սենյակը զվարթացավ։ Նա աննպատակ նվագեց մի ինչ-որ կոնտրդանս, կարծես չէր լսում նվագը, այլ ավելի հիանում էր իր մատների գեղեցկությամբ, ինչպես մի երիտասարդ աղջիկ, որ սրսփալով մտել է ջուրը և չի հիանում ոչ չարաճճի 30 ալիքներով և ոչ ափի ծաղիկներով, այլ հիանում է միայն իր պատկերով, որ ճոճվում է ջրի մեջ։

Ապա հնչեց հնամենի վալսը՝ հիշատակն այն օրերի, երբ դեռահաս աղջիկ էր, այն տարիքում՝ երբ ոչ անմեղ երեխա էր և ոչ կյանք ճաշակած կին, մի տարիք, երբ առաջին տպավորություններն անջնջելի դրոշմ են դնում հոգու վրա։