Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/331

Այս էջը հաստատված է

Այդ տպավորությունները նման են դեղնած տերևների, բայց ոչ խոր աշնան, երբ մերկանում է ամբողջ այգին, չկան թիթեռները, և տխուր խոխոջում է առուն,- այլ նման են այն առաջին տերևներին, որ դեղնում են աղմկոտ ամռանը և վայր են ընկնում կանաչ խոտերի վրա, որտեղ երգում են ճպուռները, բզեզները հարսանիք են սարքել և ամբողջ այգին, ինչպես մի երգեհոն հնչեցնում է պտղաբերության հավերժական երգը։ Եվ ավելի զվարթ է հնչում այդ կանաչ երգը, երբ ընկնում են մահվան առաջին տերևները։

10 Տիկին էլոիզն այլևս չէր լսում ոչ դրսի ոտնաձայները և ոչ էլ նայում էր պատուհանի վարագույրներին, որ քամուց բարձրացնում էին եզրերը և իսկույն իջեցնում, կարծես մեկին ցույց էին տալիս այդ գեղեցիկ պատկերը՝ տիկին էլոիզին, մոմերի լույսով, բատիստե սև զգեստով և վառ կարմիր ժապավենի փնջերով, որ վարդերի նման բացվել էին նրա թևերի վրա և իրենց կարմրավուն ցոլքով երևացնում էին նրա ականջները՝ մոխրագույն գանգուրների մեջ։

Իսկ մաշված ստեղները լալիս էին։ Նրանք անձրևում էին կարոտի հնչյուններ. երբեմն մեկը և երկուսը թավ ղողանջում 20 էին հեռվից, կարծես նավը գնում էր ծովի հեռուն, և այնտեղից այդ ձայները հրաժեշտ էին տալիս ափին։

Երբ նվագը վերջացավ և օդի մեջ դեռևս չէին հալվել վերջին ելևէջները, տիկին էլոիզը լսեց խուլ խշշոց։ Հեռվում աղմկում էր անտառը։ Նա մոտեցավ պատուհանին։ Երկինքը խավար էր։ Նա լսեց ավելի խուլ աղմուկ, քան անտառի խշշոցը։ Կարծես շատ հեռվում դղրդում էր փոթորկած ծովը։

Տիկին էլոիզը ցուրտ զգաց։ Նա կծկվեց բազմոցի վրա և ձեռքն առավ սեկե կազմով գիրքը։

Երբեմն այդ գիրքը նրա բարեկամն էր։ Ընթերցելով այդ 30 գիրքը՝ նա արտասվել էր, ինչպես այն ռոմանտիկ դարում գիտեին արտասվել երիտասարդ աղջիկները և երիտասարդ պատանիները, որոնք զգում էին անգո մի վիշտ տերևների սոսափի և իրենց հոգու մեջ։ Այն կախարդական գիշերը, երբ լիալուսնի տակ ցցվել էր աշտարակը մի լուռ դղյակի, որտեղ կռնչում էր բուն։ Ինչպես այն դարի դուստր՝ էլոիզը ևս